Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ Սյունիքի մարզում իրականացվող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին:
«Դրանք ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ: Մեր համոզմունքն է՝ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որովհետև այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր դիրքորոշումը, պաշտպանության նախարարության դիրքորոշումն է՝ մենք այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, և Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:
Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքի, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան սահմանային որոշակի հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, Կառավարությունը լիարժեքորեն, համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը լիարժեքորեն կլինեն պաշտպանված»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը կարևոր համարեց այս թեմայով ճիշտ տեղեկատվության տրամադրումը, քանի որ, ըստ նրա՝ մամուլում մի դեպքի վերաբերյալ հարյուրավոր հրապարակումներ կարող են լինել, և դրանցից կարող է մասշտաբային տպավորություն ստեղծվել:
«Ուզում եմ կրկնել՝ Սյունիքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել: Մյուս կողմից՝ այս պրոցեսները չի կարելի համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է: Այսինքն՝ դրանք իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի, և այն լինի գործուն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ առավոտյան քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է կոնկրետ հանձնարարականներ: