Կառավարությունը հրատապ քայլեր է ձեռնարկում 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած մի շարք խնդիրները լուծելու նպատակով՝ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում՝ մանրամասներ ներկայացնելով Կառավարության այսօրվա որոշումից:
«Այդ փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, կարգավորել ենք հետևյալ հարցերը․
Ներկայում անհայտ բացակայող ճանաչելու համար պետք է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար՝ ռազմական գործողություններով պայմանավորված, և այդ ժամկետը կրճատում ենք դարձնելով երեք ամիս: Այն տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անձին անհայտ բացակայող ճանաչելու համար և, դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ դատական ակտից հետո պետք է 6 ամիս անցնի, որ հատուցումը տրամադրվի։ Այս փոփոխություններով այդ ժամկետը ևս կրճատում ենք: Այսինքն՝ եթե հաշվարկում ենք սեպտեմբերի 27-ից, ապա դատական ակտի ուժի մեջ մտնելու պահին այդ 3 ամիսն արդեն անցած կլինի, և մեր հայրենակիցները հնարավորություն կունենան հատուցում ստանալու հիմնադրամից: Հիշեցնեմ, որ խոսքը 82 մլն կամ 70 մլն դրամ հատուցման մասին է՝ կախված անձի կարգավիճակից, որից 10 մլն դրամը տրվում է միանվագ, մնացածը 20 տարվա մեջ հավասարաչափ բաշխվում է:
Հաշվի առնելով, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի եկամուտները դրոշմանիշային վճարներով բավարար չեն լինելու վերջին ռազմական գործողությունների հետևանքով մեր բոլոր հայրենակիցներին ամբողջ ծավալով փոխհատուցելու, առաջարկում ենք դրոշմանիշային վճարների փոփոխություն կատարել` կախված անձի եկամուտներից։ Մինչև 100000 դրամ աշխատավարձ ստացողները կվճարեն 1500 դրամ, 100-200 հազար դրամ ստացողները` 3000 դրամ և այդպես սանդղակով կհասնենք մինչև 15000 դրամի։
Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է կամավորականներին, որոնք զորահավաքի գործընթացով չեն անցել։ Գործող օրենքն այս առումով բաց ունի: Այժմ այնպես ենք կարգավորում, որ ՊՆ-ի տված տեղեկանքի հիման վրա կամավորականները ևս հնարավորություն ունենան դիմել հիմնադրամ ու կրկին հատուցում ստանալ:
Այս բոլոր հարցերը կքննարկվեն Ազգային ժողովի արտահերթ նիստում»,- գրել է նախարարը։