Արցախի հյուսիսի՝ Եղնիկների հատվածում դաժան մարտեր են ընթացել թե՛ Արցախյան առաջին պատերազմում, թե՛ 2016-ի Ապրիլյանում, թե՛ վերջին 44-օրյայում: Տղաները դիրքն անառիկ են պահել: Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հարձակմանն արիաբար դիմակայած տղաներն այս օրերին հերթով կարճատև արձակուրդի են գալիս:
Զինվորական համազգեստը հուշեց զինվորի տան հասցեն: Ընտանիքը պատերազմ է ապրել: Հայրենիքի զինվորը հիմա տանն է: Արցախի հյուսիսը՝ Եղնիկները պաշտպանող Արցախի հերոս Կարեն Ջալավյանի հերոսներից մեկը սարերից նոր է իջել, կարճատև արձակուրդ եկել:
Կարենի ընտանիքը 70 օր զինվորից լուր չի ունեցել: Մայրը որդու ձայնը վերջին անգամ պատերազմի նախօրեին էր լսել:
Սեդա Հովհաննիսյան, Կարեն Մկրտչյանի մայրը - Խոսել եմ սեպտեմբերի 26-ին, 1 տարի չէի տեսել:
Որդուն ամուր գրկած, հուզմունքը կոկորդում սեղմած տիկին Սեդան մի բան է ցանկանում՝ տղաներին փնտրող մյուս մայրերն էլ հուզվեն ուրախությունից:
Սեդա Հովհաննիսյան - Հույսս չեմ կորցրել, աղոթել եմ բոլոր զինվորների համար՝ հանձինս իմ հերոս տղայի: Հպարտանում եմ իրենով, որ նման տղա ունենք:
Արձակուրդում էլ Կարենը համազգեստը չի հանում: Այս հագուստով է կռվել, մարտական դիրքն անառիկ պահել: Եղնիկների արծիվն իր մասին կռվի օրերին չէր մտածում, միայն թե ընտանիքի մյուս տղամարդիկ ճակատ չգային, մայրը չարտասվեր:
Ինչ ասես այդ օրերին չեն մտածել տանը, անգամ՝ ամենավատը: Կյանքը կանգ էր առել՝ հիշում է զինվորի եղբայրը: Մայրն աղոթում էր, ինքը՝ հոսպիտալներում փնտրում եղբորը:
Պատերազմի ձայնը միայն ֆիլմերում, խաղերում էր լսել զինվորը: 44-օրյա պատերազմին ռումբերի տարափի տակ մորս նվիրած օրհնած խաչն էր պահապան՝ պատմում է զինվորը:
Ծանր օրերը թեթևացնում էին թիկունքից հասած նամակները, քաղցրեղենը: Կարենն ամուր պահում է հուշ դարձած տողերը: Պատերազմի օրերին, թվում էր, չի կայանա երկար սպասված հանդիպումը: Կռվի օրերին շատ է անհանգստացել: Առավոտյան՝ հանդիպել:
Զարմիկի համար պատիվ է պատերազմ անցած զինվորի գլխարկը կրելը. Երվանդը 3 տարուց բանակ կգնա:
Մարտում կորցրած ընկերները Եռաբլուրում են: Մինչև կրկին դիրքեր բարձրանալը նրանց հետ հանդիպումն է: