Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ բնակավայրում ժամանակավորապես ապաստան գտած Վարդան Նազարյանի բազմաշունչ ընտանիքին:
Այցի նպատակն էր ծանոթանալ բազմաշունչ ընտանիքի կեցության պայմաններին:
Գեղարքունիքի մարզպետարանի կողմից Վարդան Նազարյանի ընտանիքին այդ օրը հատկացվեցին լվացքի մեքենա, հագուստ, սնունդ, մահճակալ, անկողնային պարագաներ և երեխաների համար նախատեսված ամանորյա նվերներ պարունակող փաթեթներ:
Վարդան Նազարյանի 14 շնչից բաղկացած ընտանիքը Արտանիշ է տեղափոխվել Մարտակերտի շրջանի Հայկաջուր գյուղից՝ ավելի քան 1 ամիս առաջ: Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Նազարյանների ընտանիքը կորցրել է իրենց տունն ու ողջ ունեցվածքը, և ճակատագիրը նրանց Արտանիշ է բերել միայն Վարդանի կնոջ հարազատական կապի շնորհիվ: Վարդանը Արցախյան առաջին պատերազմից հետո նոր տուն է հիմնել Հայկաջուր գյուղում, որտեղ իր կնոջ՝ Նախշունի հետ համատեղ կյանքում ունեցել է 11 երեխա: Այժմ Արտանիշում նա ապաստանել է իր զավակների և թոռների հետ:
«Արդեն իմ կյանքում երկրորդ անգամ եմ տուն կորցնում, այն էլ՝ բազմաշունչ ընտանիքիս հետ: Ճիշտ է, Արտանիշում հարազատներ ունենք, մյուսներն էլ մեզ հոգատարությամբ են շրջապատել, սակայն հարազատ տան ու հայրենիքի կորստի հետ համակերպվելը շատ դժվար է: Մեր ուսերին է ծանրացել նաև մեր դստեր ընտանիքի հոգսը, քանի որ նա այս պատերազմի պատճառով կորցրել է իր ամուսնուն»,- ներկայացրել է Վարդան Նազարյանը:
Ընտանիքի դպրոցահասակներն էլ հաճախում են Արտանիշի միջնակարգ դպրոց: