Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, Եվրոպական միության աջակցության ծրագրերի շրջանակում, Հայաստանի բժշկական հաստատություններին է տրամադրվելու 7 ռենտգեն սարք: Այս օժանդակությունը կնպաստի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Առողջապահության նախարարությունը Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ակտիվ աշխատանք է տանում COVID-19-ի ախտորոշման և բուժման համար այլ անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռքբերման, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրման ուղղությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առողջապահության նախարարության հիմնական գործընկերներից մեկն է: Կարևորում ենք նաև Եվրոպական միության տարբեր ծրագրերի շրջանակներում փոխգործակցությունը:
COVID-19-ի դեմ պայքարում բարձր ենք գնահատում Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության շարունակական աջակցությունը ու առողջապահական համակարգի հզորացմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքը»,- հայտնում են նախարարությունից: