Կառավարության այսօրվա նիստին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում:
Նախարարը տեղեկացրեց՝ երեկ կատարվել է 2743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 702 նոր դեպք: Ունենք 1128 առողջացած և 23 մահվան դեպք:
Թորոսյանի խոսքով՝ արդեն շուրջ երկու շաբաթ որևէ պացիենտ տանը չի սպասում հոսպիտալացման իր հերթին: Բոլորը ստանում են պատշաճ բուժօգնություն:
«Ինչպես առաջին ալիքի ժամանակ ամռան վերջին, մենք արդեն սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը՝ իհարկե միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու»,- նշեց Թորոսյանը՝ նորից կոչ անելով պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի դեռ համավարակի դեմ պայքարի այլ միջոց չկա:
Վարչապետը հավելեց, որ համավարակի երկրորդ ալիքին, որն ուղեկցվեց նաև պատերազմով, Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի լավ էր պատրաստված:
«Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, մեզ օրինակներ էին բերում, թե, տեսեք՝ Հայաստանում ինչքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը: Բայց պետք է արձանագրենք, որ մեր կանխատեսումն իրականություն դարձավ: Երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, դա ժամանակի հարց է: Կային երկրներ, երբ մենք ամենապիկի վրա էինք, իրենց մոտ զրոյական վիճակ էր: Հիմա այնտեղ թվերի մի մասով անցել են մեզնից, մյուս մասով անխուսափելիորեն կանցնեն»,- նշեց վարչապետը:
Թորոսյանն էլ նշեց, որ իրենց ընդունած որոշումների ճիշտ լինելն ապացուցում է մահվան ցածր ցուցանիշը, որը տատանվում է մոտավորապես 1,5 տոկոսի շրջանակներում: Թիվը միջազգային միջին ցուցանիշից ցածր է, երբեք 2%-ի չի հասել:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ շնորհակալություն հայտնեց և ընդգծեց բժիշկների դերը, որոնք պայքարել են երկու ուղղությամբ՝ և՛ պատերազմի, և՛ կորոնավիրուսի համավարակի ուղղությամբ՝ երկու ճակատներում էլ անելով առավելագույնը: