ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է Իրաքում ԱՄՆ դեսպանության դեմ գրոհների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
«Կիրակի օրը Բաղդադում մեր դեսպանատան ուղղությամբ հրթիռներ են արձակվել: Երեք հրթիռի արձակումը ձախողվել է: Գուշակեք՝ որտեղի՞ց են արձակվել հրթիռները: Իրանից: Այժմ լուրեր են պտտվում Իրաքում ամերիկացիների դեմ հարձակումների մասին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփն «ընկերական առողջ խորհուրդ է տվել Իրանին: Եթե նույնիսկ մեկ ամերիկացի զոհվի, ապա Իրանին պատասխանատվության կենթարկի»: ԱՄՆ նախագահն Իսլամական Հանրապետությանը խորհուրդ է տվել խորհել այդ մասին:
Պարբերականը նշում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ «Կատյուշա» տեսակի հրթիռներ են թիրախավորել Իրաքի Կանաչ գոտում գտնվող ԱՄՆ դեսպանությունը: Ամերիկյան դեսպանության ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են հրթիռները, որոնք ընկել են Կանաչ գոտու տարածքում: