Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի հաստատած ռազմական բյուջեի օրինագծի վրա և հավանական համարել, որ ԱՄՆ-ը համավարակի ընթացքում կարող է առերեսվել կառավարության շաթդաունի հետ, ինչը նոր խառնաշփոթ է առաջացրել Վաշինգտոնում՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Կոնգրեսում հանրապետական կուսակիցների վրա զայրացած Դոնալդ Թրամփը մտադիր է փոփոխության ենթարկել այն օրինագծերը, որոնք ամիսներ շարունակ քննարկվելուց հետո հաստատվել են Կոնգրեսում:
Դեմոկրատներն ու հանրապետականներն առարկում են ԱՄՆ ազգային պաշտպանության բյուջեի փաստաթղթի վրա դրված Թրամփի արգելքին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 28-ին քվեարկության կդնի Թրամփի վետոն չեղարկելու հարցը: Այնուհետև՝ նույն հարցը քվեարկության կդրվի նաև Սենատում:
Օրենսդիրների հավաստմամբ՝ ԱՄՆ ազգային պաշտպանության բյուջեի օրինագիծն արդեն 59 տարի շարունակ օրենք է դառնում, ինչը կենսական նշանակություն ունի ազգային անվտանգության և երկրի զինված ուժերի համար, և այս տարի էլ բացառություն չի լինի: