ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային արվարձանների ականազերծումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Արցախում ականազերծման գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են 274 հա տեղանք, մոտ 105 կմ ճանապարհ, 451 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8700 պայթյունավտանգ առարկա:
Արցախի տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու և ականազերծելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի և վատ եղանակի պայմաններում:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինավարժարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ: