Սուրեն Այդինյան (Կկրի արտադրամասի ձևարար) - Երկու կողմից դռներ ունի, մի կողմից՝ պատուհան, 8 տեղանոց է:
Վրանը զինվորի համար է, հատկապես նոր դիրքերը պահողների: Որպեսզի ձյան-ցեխի մեջ գիշերելու տեղ չսարքեն՝ դերձակները ժամանակավոր կացարանի հարց են լուծում:
Հասմիկ Զիրոյան (կարի արտադրամասի դերձակ) - Վրան ենք կարում, բայց պետք է ավելացնենք, որովհետև սահմանում չի հերիքում:
Ամենադժվարը երևի ծալելն է, չնայած կարելն էլ հեշտ չէ: Կտորը բավական կոշտ է, որ քամի-անձրև-ձյուն չներծծի:
ԼԱՅՖ - Ինքը մոմած ա, ջուր չի անցկացնում, փորձել ենք, փորձարկել ենք:
Կապոցով վրանի հետ՝ կոմպլեկտում նաև բազալտե ամրաններով կմախքն են տալիս: Տեղում պետք է միայն հավաքել: Նախաձեռնության հեղինակը Էրիկ Սարգսյանն է:
Վրանը, որն իրենց վրա 150 հազար դրամ է նստում, անվճար են տալիս: Աշխատողներին վճարում են, եթե կամ ինչքան փող մնում է: Հումքը գնում են նվիրատվություններից գոյացող գումարներով:
ԼԱՅՖ - Ով ինչքան կարողանում ա՝ 5000, 10 հազար, դրսից՝ 100 դոլար...
Վրան սկսել են կարել՝ ցրտերն ընկնելու հետ: Պատերազմի առաջին օրերից 1000-ից ավելի ջերմաքողարկիչ բջիջ, խրամատ ծածկող այս վահաններից են արտադրել:
Էրիկ Սարգսյան («Շանի» ՀԿ հիմնադիր տնօրեն) - Թերմոտեսիչները չեն տեսնի:
- Եթե ԱԹՍ լինի, ինքը չի՞ ֆիքսի - հա, սնայպերը...
Ինքը ինժեներ-կոնստրուկտոր է, ռազմական էլեկտրոնիկայի մասնագետ՝ ներկայացնում է Էրիկ Սարգսյանը: Պատմում, որ այս ընթացքում գիտնական ընկերների հետ փորձել են նաև ԱԹՍ հավաքել, հակաօդային պաշտպանության պասիվ ռադար ստեղծել:
Արտադրած վերջին խմբաքանակ քողարկիչ վահանները հավանաբար վաղն արդեն տարածքում չեն լինի:
ԼԱՅՖ - Մի պարտիա ՊԲ գնաց, հիմա գնում ա ՊՆ:
Կողքի սեղանին ձեռքով, առանց հատուկ սարքերի՝ մասնագետը հաջորդ 10 վրանի կտորն է ձևում, մինչև նոր հումքի համար ֆինանսավորման հարց կլուծվի: Նախագծին կարող-վարպետներ էլ են պետք:
Հայկուհի Աբրահամյան (կարի արտադրամասի ավագ դերձակ) - Շատ կարիք ունենք էլի կամավորների, լավ հմուտ կարող, քանի որ կարևորը արագ պրոդուկտ ստանալն է:
«Շանիի» թիմը մտածում է նաև զինվորի վրանը տաքացնելու ուղղությամբ, քննարկում են բազալտի հանքաբամբակի կամ առանց ծխի այրվող բիոհումքի վառարան դնելու տարբերակը: Արագացնողը կարի մեքենայից չհեռացող կանայք են. ո՞ւմ տղան է բանակում, ո՞վ սահման պահող ունի՝ կարևոր չէ:
Անահիտ Սողոմոնյան (կարի արտադրամասի դերձակ) - Ի՛նչ տարբերություն, բոլորն էլ մեր բարեկամներն են, մեր զինվորներն են: