Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ միջոցառումը աջակցության միանվագ ծրագիր է, իսկ շահառուները Արցախում գրանցված նախադպրոցական տարիքի՝ 2015-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներն են: Աջակցության չափը յուրաքանչյուր երեխայի չափով կազմում է 20 հազար դրամ:
«Աջակցությունը նախատեսվում է տրամադրել հաջորդ շաբաթվա ընթացքում՝ մինչև Ամանորը, «Հայփոստի» և «Արցախփոստի» բաժանմունքներում՝ կապված քաղաքացիների գտնվելու վայրից: Ցանկանում եմ միջոցառման գաղափարի համար շնորհակալություն հայտնել մեր նախարարության աշխատակիցներին, քանի որ գաղափարը ծնվել է նրանց առաջարկով և ֆինանսավորվում է պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների ամբողջ ֆոնդով»,- նշեց Առաքելյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է առավելագույնն անել, որ երեխաները չզրկվեն ամանորյա միջոցառումներից: Ամանորյա ներկայացումներ կլինեն թատրոններում, և դրանց պետք խրախուսել: