Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Օ-դը-Սեն դեպարտամենտի բանաձևը՝ ԼՂՀ ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու պահանջի մասին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի հանրային նիստ. Ներկայացված է դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդի կողմից:
Տասը տարուց ի վեր Օ-դը-Սեն դեպարտամենտը միջազգային համագործակցության ծրագիր է իրականացնում Հայաստանում՝ Տավուշի մարզում: Ընդհանուր առմամբ, այս զարգացման ծրագրին հատկացվել է ավելի քան 6,4 միլիոն եվրո գումար:
Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար բնակչության անվտանգությունը և խաղաղությունը որոշիչ պայմաններ են հանդիսանում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմը բացասաբար է ազդում ողջ Հայաստանի՝ այդ թվում Տավուշի մարզի վրա, որտեղ ներկա է մեր դեպարտամենտը: Ադրբեջանին սահմանակից այս մարզը ծանր զենքի կիրառմամբ հարձակման էր ենթարկվել դեռևս սույն թվականի հուլիսին, ապաստանել է մի շարք փախստականների և այժմ կրում է երկրի ապակայունացմամբ պայմանավորված հետևանքները:
Այս համատեքստում, 2020 թ.-ի հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպման ժամանակ մեր ժողովը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձև: Հանրապետության նախագահին և կառավարությանն ուղղված այս կոչը շարադրված էր հետևյալ կերպ.
«Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է հանգեցնել Ֆրանսիայի կողմից, հանգամանքները քննելուց հետո, Լեռնային Ղարաբաղի իշխանություններին դիվանագիտական աջակցության ցուցաբերման»:
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն ինձ պատասխանել է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի նամակով: Այն պարունակում է երեք հիմնական կետեր: Նախ նամակում հիշեցվում է, որ «Ֆրանսիան խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում բռնությունների սրումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։ Այնուհետև նշվում է, որ «Ֆրանսիան վճռական է տրամադրված՝ անկողմնակալ ձևով իր դերը կատարելու համար: Այս հակամարտության մեջ մեր երկրի անկողմնակալությունն անհրաժեշտ է և կապված ԵԱՀԿ կողմից մեզ վստահված միջնորդի կարգավիճակի հետ: Այս հավասարակշռված դիրքորոշումով է պայմանավորված մեր լեգիտիմությունը Մինսկի խմբում, ինչպես նաև այն ազդեցությունը, որ կարող ենք ունենալ հակամարտող կողմերի վրա»:
Ի վերջո, նամակում ասվում է. «Մինսկի խմբի անդամների պարտականությունն է նաև Թուրքիայից բացատրություններ պահանջել ջիհադիստական խմբավորումների սիրիացի մարտիկներ տեղակայելու վերաբերյալ»:
Սույն թվականի հոկտեմբերի 16-ի մեր բանաձևից և հանրապետության նախագահության հետ զրուցելուց ի վեր, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրվել է համաձայնագիր, որը հրապարակվել է սույն թվականի նոյեմբերի 9-ին։ Այն բաղկացած է ինը կետից և մասնավորապես.
- կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման հայտարարություն,
- հակամարտության արդյունքում կողմերի զբաղեցրած դիրքերի սառեցում և մի շարք շրջանների հանձնում Ադրբեջանին (Աղդամ, Ղազախ, Քելբաջար, Լաչին),
- Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի (որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ և որը կպահպանվի մեկ այլ ճանապարհի կառուցմամբ) երկայնքով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի տեղակայում,
- հրադադարի ռեժիմը վերահսկելու համար խաղաղապահ կենտրոնի ստեղծում,
- տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո,
- ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակում:
Նկատի առնելով այն դասերը, որոնք կարելի է քաղել հակամարտությունից և դրա առկա ելքից, առաջարկվում է ընդունել բանաձև`ուղղված հանրապետության նախագահին և կառավարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (որը հայտնի է որպես Արցախի Հանրապետություն) ճանաչելու անհրաժեշտության, և պատերազմական հավանական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննության իրականացման մասին:
Բանաձևի առաջարկի հիմքում ընկած հինգ էական դրդապատճառներն են.
1. Լեռնային Ղարաբաղի հարցում անկողմնակալության և փուլային բանակցային գործընթացի վրա հիմնված Ֆրանսիայի դիվանագիտական գործողությունները տևականորեն խոչընդոտվել են Ադրբեջանի կողմից՝ հակամատության ռազմական լուծման ուղին բռնելու պատճառով:
1994 թ.-ից Մինսկի խմբի շրջանակներում գործածված անկողմնակալությունը և բանակցային գործընթացը բախվեցին Ադրբեջանի կողմից ընդունված՝ ռազմական ուժի դիմելու որոշմանը: Չնայած Ֆրանսիայի կողմից հնչեցրած դատապարտումներին, այս մոտեցումն ի զորու չեղավ կանխելու ադրբեջանական հարձակման մեկնարկը և դրա զարգացումը մի քանի շաբաթվա ընթացքում:
Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած գործնական աջակցությունը և թուրքական էքսպանսիոնիստական միտումները, որոնք հանդիսանում են տարածաշրջանային ապակայունացման գործոն և սպառնալիք Եվրոպայի համար, պարադիգմային փոփոխություն են մտցնում, ինչով պետք է պայմանավորված լինի Ֆրանսիայի դիվանագիտական գործողությունների զարգացումը Լեռնային Ղարաբաղում:
2. Այս զինված հակամարտության համատեքստում կատարվել են, ամենայն հավանականությամբ, պատերազմական հանցագործություններ: Մի քանի շաբաթվա ընթացքում հակամարտությունը դարձել է հազարավոր զինվորականների և քաղաքացիական անձանց մահվան (5000, ըստ Ռուսաստանի) և հայ բնակչության տեղահանման պատճառ, որոնց թիվը հասնում է 100,000-ի: Հրապարակված տեղեկությունները ի ցույց են դնում պատերազմական հանցագործություններ և միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառում: Այսպիսով, նշվում է, որ օգտագործվել է 2010 թ.-ի Օսլոյի կոնվենցիայով արգելված կլաստերային զինամթերք: Միտումնավոր թիրախավորվել են դպրոցներ, հիվանդանոցներ և կրոնական վայրեր՝ զոհեր պատճառելով խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանական հարձակումը նմանվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք և ամբողջական ճանաչումը կնպաստի երաշխավորել հայ բնակչության պաշտպանությունը: Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն իր տարածքի ամբողջականությամբ և այդ ճանաչումը միջազգային հանրության մակարդակին հասցնելու ցանկությունը հնարավորություն կտային զորացնել այս պետության գոյությունը, որի հիմնական նպատակը հայ բնակչությունը պաշտպանելն է: Փախստականների և տեղահանվածների վերադարձի իրավունքը պահանջում է ստեղծել մի շարք քաղաքական և գործառնական պայմաններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը կարևոր քաղաքական և դիվանագիտական որոշում կլիներ այս ուղղությամբ:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի անվիճելի լեգիտիմություն: 1921 թ.-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը կցված «ինքնավար մարզի» կարգավիճակը Խորհրդային Միության կամայական որոշման արդյունքն էր, որը հիմնված չէր որևէ սոցիալ-մշակութային իրողությամբ: Լեռնային Ղարաբաղի տարածքն իրավամբ հայկական քաղաքակրթության «բնօրրանն» է: Օժտված մշակութային և կրոնական հարուստ ժառանգությամբ՝ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է մեծավմասամբ հայերով, որոնց մեծամասնությունը 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի միջոցով կողմ է արտահայտվել հօգուտ անկախության, իսկ 1994 թ.-ի պատերազմի արդյունքում նվաճել իր ազատությունը:
5. Ֆրանսիան առանձնահատուկ լավ հարաբերություններ ունի Հայաստանի և հայերի հետ: Ֆրանսիան իր դռներն է բացել 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ հայերի համար: Մեր հայրենակիցների շրջանում կան մոտ 750,000 հայկական ծագում ունեցողներ: Մեր երկիրը, որ 2001 թ.-ի հունվարի 29-ի օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, առանձնահատուկ լավ հարաբերություններ ունի Հայաստանի և հայերի հետ: Հետևաբար, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման կոչը մաս է կազմում պատմական շարունակականության, որի ընթացքում մեր երկիրը նշանակալից դեր է ունեցել հայերին հյուրընկալելու և պաշտպանելու գործում:
Հիմք ընդունելով 2020 թ.-ի նոյեմբերի 25-ին Սենատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը,
Հիմք ընդունելով 2020 թ.-ի դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում հայ ժողովրդի և Եվրոպայի և Արևելքի քրիստոնեական համայնքների պաշտպանության մասին ընդունված բանաձևը,
Հիմք ընդունելով բազմաթիվ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին կոչերն ու բանաձևերը,
Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդն արտահայտում է Հանրապետության Նախագահին և Կառավարությանն ուղղված կոչն առ այն, որ
- Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
- Ֆրանսիան պահանջի միջազգային հետաքննություն իրականացնել 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած զինված հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ»: