«Ես գնում եմ, հետս արի» ասող ու՝ «Հը՞ն, կյա՞մըս»՝ Արցախի բարբառով ցուցանակներն հուշում են ու ուղեկցում փոքրիկ արցախցիների ձեռագործ աշխատանքները տեսնելու:
Երբ սկսվեց պատերազմը, ու մայրաքաղաքում օրեցօր ավելացան արցախցի փոքրիկները, նրանց համար զբաղմունք գտնելու միտքը Նարեկին հանգիստ չտվեց:
Նարեկ Ադամյան («Ապագա սերնդի զարգացում» ՀԿ-ի նախագահ) - «Ֆեյսբուքում մենք հայտարարություն տվեցինք, որ մեզ անհրաժեշտ են մասնագետներ, արձագանքեցին շատ ու հիմնականում Գեղարվեստի ակադեմիայի, Թեռլեմեզյանի ներկա ու նախկին ուսանողներ: Ու մենք սկսեցինք ծրագիրը նոյեմբերի 1-ով, մինչև դեկտեմբերի 1-ը: Ընդհանուր առմամբ ունեցանք 45 մասնակից՝ Արցախի տարբեր շրջաններից»:
Ծրագրի մասնակից փոքրիկները ձեռագործ աշխատանքների դասեր են անցել՝ հուլունքագործություն, հելունագործություն, նկարչություն ու կավագործություն սովորել: Նաև լուսանկարել և մի քիչ էլ եփել-թափել: Տարբեր շրջաններից եկած 2-19 տարեկան 45 արցախցի մի նոր արհեստ յուրացրած վերադարձել է տուն:
Արևիկ Առաքելյան (խեցեգործ, նկարիչ) - «Գիտեի, որ երեխեքը սթրեցից հետո անպայման պետք է առնչվեն կավի հետ, քանի որ դա հանում է լարված ու վատ էներգիան...»:
Երեխաներին ժպիտ պարգևող բարի գործին խեցեգործ, նկարչուհի Արևիկը՝ իմանալուն պես միացավ, փոքրիկ արցախցիների տրամադրությունից ենթադրում է, որ պատերազմի հետևանքները նրանց մանկությունից ջնջելու փորձերն ինչ-որ չափով արդյունք տվել են: Նկարներում գերակշռողը վառ գույներն են:
Արևիկ Առաքելյան (խեցեգործ, նկարիչ). «Ես փորձում էի իրանց համ սև գույնից ձերբազատել, համ էլ չթողնել, որ այդ սև գույնը իրենց ներսում մնա»:
Մեկ ամիս տևած դասերին հետևեց ցուցահանդես-վաճառքը, դրամահավաքի արդյունքում գոյացած գումարով շարունակելու են սկսված ծրագիրը: Միայն թե տարածքի խնդիրն է պետք լուծել, որ երեխաները տանը նստելու փոխարեն՝ զբաղվեն իրենց համար հետաքրքիր ու հաճելի գործով:
Նարեկ Ադամյան - «Այս անգամ արդեն թիրախային խումբը կփոխվի, դասընթացների ոլորտներն ավելի կշատանան, կլինի նաև էկոկրթություն, մեդիագրագիտություն և այլ դասընթացներ»:
Նարե Պետրոսյան (կամավոր) - «Ծրագրի երկրորդ փուլը կսկսվի հունվարի 15-ից, նոր առարկաներով, կներգրավվեն պատերազմին մասնակից զինծառայողների երեխաները՝ անկախ տարածաշրջանից: Մեզ պետք են նաև ուսուցիչներ, կամավորներ, երեխաների տվյալներ»:
Այստեղ պատրաստ են ամեն ինչ անել, որ ոչ մի փոքրիկ Հայաստանում ու Արցախում՝ անկախ պատերազմի թողած հետևանքներից, չկորցնի մանկության վառ ու պայծառ գույները, դեմքի ժպիտն ու ապագայի հանդեպ հավատը: