ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ, նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունն ընդունվել է 2019-ին, որով 2020-ի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներդրումների իրականացման դեպքում ամորտիզացիոն մասհանումները պետք է կատարվեին ոչ թե ըստ ֆիքսված ժամանակացույցի և կանոնների, այլ ներդողներին ավելի հարմար եղանակով, բայց հաշվի առնելով վերջին ամիսների ֆորսմաժորային իրավիճակը՝ կորոնավիրուսը և պատերազմը, ներդրողներից շատերը, ըստ պատգամավորի, չեն կարողացել այդ հնարավորությունից օգտվել, ուստի որոշում է կայացվել այդ ժամկետը մեկ տարով երկարաձգել և տարածել մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը:
«Սա հակաճգնաժամային գործիք է և խթանող ազդեցություն կունենա պոտենցիալ ներդողների համար»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ ժամկետի երկարաձգման պահանջը եղել է տնտեսվարողների կողմից: Նա նշեց, որ մարտահրավերները շարունակվում են և հաջորդ տարում պետք է առաջնորդվել պռոբիզնեսային մտածելակերպով և մարդկանց աշխատելու հնարավորություն տալ՝ չծանրաբեռնելով ավելորդ վարչարարությամբ:
Նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը: