Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այդ պաշտոնում իր վերջին ասուլիսի ժամանակ ամփոփեց կատարած աշխատանքը, ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից իրավիճակն Արցախում և իր հրաժարականի մանրամասները:
«Հանրապետության նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու: Երկար եմ մտածել, դժվար որոշում է եղել՝ արդյոք այս շրջանում պե՞տք է թողնեմ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը, թե՞ ոչ:
Բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որը պետք է կատարեմ, հաշվի առնելով դրա կարևորությունն ու առկա կարիքը գործադիրում աշխատելու, կարծում եմ, որ իմ կարողություններին համապատասխան աշխատանք է: Տվյալ պաշտոնում հիմա ես ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ-ի կարգավիճակում»,- ասաց Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանը հրաժարվեց ասել, թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնելու՝ երբ նախագահը կհրապարակի, բոլորը կիմանան:
«Իմ կարծիքով՝ ես այնտեղ առաջին հերթին կարճաժամկետ ճգնաժամային հարցերով եմ զբաղվելու, քանի որ առկա իրավիճակում շատ խնդիրներ պայմանավորված են նաև կառավարման բացերով ու սխալներով: Հետևաբար՝ խնդիր կա կառավարման համակարգն առաջին հերթին վերադարձնել իր հուն, արագ քայլերով հաղթահարել գոնե հաղթահարելի խնդիրները կարճաժամկետ հատվածում, իսկ հետո ավելի միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածների համար պետք է պլանավորենք և իրականացնենք բարեփոխումներ»,- նշեց Բեգլարյանը: