Մեկուկես տարի է՝ Արենը միայն մտքում էր նվագել, երբեմն՝ երազում: Կոնսերվատորիայի սանը գործիքը ձեռքը չէր վերցրել զորակոչվելու օրվանից: Հեշտ չէր համաձայնել ու հեշտ չէր խախտել թավջութակի լարերի մեկուկես տարվա լռությունը: Անհանգիստ էր. «Բա որ լավ չստացվի»: Այս լարերն էլ իր նյարդերի ու պատերազմանական օրերի պես լարված են, ձգված:
Արեն Գիրունյան - Զանգում էի պապային, ասում էի՝ բացեք-տեսեք՝ գործիքս ոնց է: Երկար որ մնում է, լարերը կարող են ձգվել: Շատ էի ուզում նվագել:
Եվ միայն կատարումը սիրելիին նվիրելու միտքը կարողացավ հաղթել Արենի դիմադրությունը: Պրոֆեսիոնալները թող ներողամիտ լինեն: Թշնամու գնդակը ողնաշարին ընդունելուց ու սայլակին հայտնվելուց հետո նորից նվագելու համար Օֆելյա՛ն ուժ տվեց Արենին: Կատարումը նրա՛ համար է:
Վիրավորվել է մարտական վիրավոր ընկերոջը կռվի դաշտից դուրս բերելիս: Բաց դաշտ էր, վտանգը՝ մեծ, բայց այդ պահին իրեն սպառնացող վտանգի մասին չի էլ մտածել: Հեռվից օգնություն կանչող ձայն է լսել ու առաջ է շարժվել:
Արեն Գիրունյան - Վտանգն էն էր, որ դիպուկահար էր աշխատում ու բաց դաշտ էր, քար էլ չկար, որ թաքնվեինք, ինքն էլ արդեն ընկճված էր, ասում էր՝ ինձ թող, դու հետ գնա, իզուր ես եկել էստեղ հասել և այլն: Ասացի՝ եկել-հասել եմ, ուրեմն իրար հետ պետք է հետ գնանք, առանց օգնության ինքը դժվար էնտեղից դուրս գար: Ու երբ որ ես որոշեցի իրեն օգնել, պետք է իր թևից քաշեի, մի տարբերակ ունեի՝ ես ինքս պետք է նստեի: Ու երբ որ ես նստեցի, արդեն երևացի դիպուկահարին ու ինձ խփեց:
Արենն ինքն արդեն դժվարությամբ, սողալով մենակ հետ է գնացել ու լուր տվել վիրավոր ծառայակցի մասին:
Արեն Գիրունյան - Պառկած շոկային ցավի մեջ ինքս ինձ փորձում էի հավաքել, հասկանալ՝ ինչ է կատարվում, որտեղ եմ ես: Ու ես ինձ բռնեցի էն մտքի վրա, որ ես այստեղ չեմ մնալու՝ անկախ ամեն ինչից, հաստատ չպիտի իմ վերջը լինի: Չեմ կարող ասել՝ ոնց, բայց գտա իմ մեջ ուժ ու կիսատ աշխատող ոտքով ու մի ձեռքով հասա մեր տղաների մոտ:
7 ժամ տևած՝ ողնաշարի բարդ վիրահատությունը բարեհաջող է անցել: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում քայլ առ քայլ, փոքրիկ հաջողություններ արձանագրելով, փորձում են վերադարձնել բարձրահասակ տղայի ամուր քայլերը: Իսկ թե ինչու այսպես պատահեց ու ինչպես՝ հիմա արդեն էական չէ: Արենի քաջության շնորհիվ ևս մեկ փրկված կյանք կա: Դավիթ է անունը: Իր կյանքն աստիճանաբար նախկին հուն կվերադառնա:
Մասնագիտությամբ լավ աշխատանք գտնել ու ընտանիք է ուզում կազմել Արենը, միայն թե այդ բոլորը՝ հստակ քայլերով. սեփական, երկու ոտքով է ուզում այստեղից դուրս գալ: