Ամերիկյան USS Georgia միջուկային սուզանավը Հորմուզի նեղուցով մտել է Պարսից ծոց՝ բերվելով ամբողջական մարտական պատրաստության վիճակի: Իրանն այս քայլին արձագանքել է ռազմական հռետորաբանությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ զգուշացրել է, որ հատկապես Մերձավոր Արևելքը կանգնած է աշխարհաքաղաքական նոր ճգնաժամի առաջ:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Մոսկվան մանրամասն վերլուծում է աշխարհառազմավարական և ռազմաքաղաքական ներկա իրավիճակը և կանխատեսում զարգացման հնարավոր տարբերակները: Մենք շարունակելու ենք ակտիվորեն ու արդյունավետ զարգացնել զինված ուժերը, բարձրացնել նրանց մարտական պատրաստվածությունն ու արդյունավետությունը:
Ռուսները պատրաստվում են, պատրաստվում են նաև Իրանն ու Իսրայելը: Թեհրանում և Թել Ավիվում լույս տեսնող պարբերականներն արդեն անթաքույց խոսում են ռազմական գործողությունների մասին:
Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների ամենահարմար դիրքն այս պահին հյուսիսային հատվածն է: Դա են վկայում մեծ թվով ահաբեկիչների կուտակումներն Արցախի գրավյալ տարածքներում՝ Իրանի սահմանին: Իրանագետ Գոհար Իսկադարյանի խոսքով՝ Իրանը դա լավ է հասկանում:
Նոյեմբերի կեսից սկսած ահաբեկիչները պարբերաբար փորձում են ներթափանցել Իրանի տարածք՝ սահմանային բախումներ հրահրելով Արաքս գետի հովտում: Իրանն այդ հատվածում շարունակում է կուտակել սահմանապահ զորքերի ամենամարտունակ ուժերը: Ադրբեջանը և Թուրքիան ևս ձեռքերը ծալած չեն սպասում:
Իրանագետը վստահ է՝ ԱՄՆ հեռացող նախագահ Թրամփը կփորձի մինչև 2021-ի հունվարի 20-ն անել հակաիրանական գործողություններ, որոնցից կօգտվեն նաև Իսրայելն ու Թուրքիան:
Միաժամանակ, ԱՄՆ նոր նախագահը չի թաքցնում Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությունը: Թե ինչպես դա տեղի կունենա, և ինչ դեր կհատկացվի Իրանի հարևաններին՝ դեռևս հարցականի տակ է: Հայաստանն Իրանի համար միակ վստահելի հարևանն է հյուսիսում: