Ռուսական «Ռակետա» ժամացույցների գործարանի տնօրենի ձեռքում Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» հանրահայտ վեպն է, հիշում է՝ ընթերցել է 18 տարեկանում. երազել չէր կարող, որ մի օր Աստվածամոր տաճարի գլխավոր ժամացույցի վերանորոգմամբ կզբաղվի: Ժամացույցների գործարանը միացել է տաճարի հրդեհման հետևանքով գրեթե ամբողջությամբ այրված ժամացույցի մեխանիզմի ռեստավրացիայի աշխատանքներին:
Դեյվիդ Հենդերսոն-Ստյուարտ, «Ռակետա» ժամացույցի գործարանի տնօրեն - Այն, ինչ հիմա տեսնում եք, Աստվածամոր տաճարի ժամացույցը չէ. նմանատիպ տաճարի այլ ժամացույց է: Մենք մի շարք խնդիրների առաջ ենք կանգնել: Անհնար էր ապամոնտաժել ժամացույցը, մենք կարողացել ենք միայն որոշ մասերի չափեր վերցնել: Հիմա մասնագետներն ուզում են հասկանալ, թե ինչպես է հայտնի ժամացույցի մեխանիզմն աշխատել:
Աստվածամոր տաճարի աղետալի հրդեհը բռնկվել էր 2019 թվականի ապրիլի 15-ին՝ վերանորոգման ընթացքում անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով: Նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ տարի խոստացել է, որ կառույցը կվերականգնվի հինգ տարում: Տաճարի ժամացույցի վերականգնման մեջ ներգրավված մասնագետները վստահեցնում են՝ կփորձեն հնարավորին արագ ու արդյունավետ աշխատել:
«Ռակետա» ժամացույցների գործարանի համար հայտնի տաճարի ժամացույցին նոր կյանք հաղորդելն արկածախնդիր առաջադրանք էր. գործարանը մի քանի դարի պատմություն ունի, ահռելի ժամացույցներ պատրաստելու և վերանորոգելու նախանձելի կենսագրություն: Վերջին գործերից մեկն էլ Մոսկվայի հայտնի «Մանկական աշխարհի» ժամացույցն է, որը կշռում է գրեթե 5 տոննա, 7 մետր երկարություն ունի և բաղկացած է ավելի քան 5000 դետալից:
«Ռակետայի» մասնագետները կենտրոնացրել են ուժերը, որ Փարիզի սրտում ժամանակն էլ երբեք կանգ չառնի: