Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանին հաստատել է քաղաքի 2021 թ. բյուջեն:
«Ներկայացնեմ մի քանի փաստ՝ բյուջեից.
Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:
«Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 մլրդ 145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:
«Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3 մլրդ 750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար:
Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3 մլրդ 826,0 մլն դրամ:
Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար նախատեսված է շուրջ 600 մլն դրամ:
Պարգևատրման ֆոնդը, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:
2020 թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելացել են 3 մլրդ 683,5 մլն դրամով»,- գրել է Կարապետյանը: