Պատերազմի մեկնարկից սկսած՝ փաստահավաք լայնածավալ աշխատանք է կատարվել, զեկույցներ են հրապարակվել, մի քանիսն էլ ավարտական փուլում են, այսօր կհրապարակվի ևս երկու զեկույց: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Փաստահավաք գործունեությունը, ընդհանուր առմամբ, ավարտվում է, թեև կոնկրետ թեմաներով դեռևս փաստահավաք գործունեության կամ հավաքագրված տվյալների ամփոփման և զեկույցներով ներկայանալու կարիք կա»,- նշեց Բեգլարյանը:
Նա ասաց, որ ՄԻՊ գրասենյակի հաշվարկներով՝ մինչև 40 հազար անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների հետևանքով, որոնց զգալի մասն արդեն Արցախում է, ունի կացարանի ու հոգեբանի խնդիր:
«Առաջնահերթորեն ժամանակավոր կացարանի խնդիր կա, այստեղ պետական կառավարման խնդիր կա, որ քաղաքացիները կարողանան հնարավորինս պատշաճ պայմաններում ապրել, առավել ևս ձմռանը: Ողջունելի է, որ առկա է բնակվարձի փոխհատուցման ծրագիր, բայց այստեղ լրացուցիչ անկառավարելի երևույթներ են առաջացել: Շուկայում պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված՝ բարձրացել է բնակվարձը: Պետությունը պետք է կարգավորող մեխանիզմներ գործադրի և փորձի հնարավորինս ողջամիտ դաշտ բերել դրանք, որովհետև սա ուղիղ կերպով ազդում է անձանց կյանքի որակի, կենսամակարդակի ու մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ պետական մարմինները պետք է երաշխավորեն, որ ոչ ոք սոված, անօթևան ու առանց ջեռուցման չմնա:
Բեգլարյանի խոսքով՝ անտեսված է հետպատերազմյան ու պատերազմյան տրավմաների հաղթահարման խնդիրը, քանի որ սոցիալ-հոգեբանական շատ լուրջ խնդիրներ կան Արցախում՝ ուղիղ առումով տուժած մարդկանց դեպքում: