Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացավ փոքրիկ հանդիսատեսին. բեմադրիչ Հովհաննես Օհանյանի «Անտառի առեղծվածը» ներկայացումը երեխաներին տեղափոխեց հեքիաթի աշխարհ: Ներկայացման պրեմիերային ներկա եղան Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան փոքրիկները: Նախաձեռնությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամինն էր:
«Իմ քայլը» հիմնադրամի հրավերով Հայաստանի տարբեր քաղաքների թատրոնների՝ մինչև տարեվերջ ցուցադրվող ներկայացումներին կմասնակցեն Արցախյան վերջին պատեազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված շուրջ 4750 երեխա: Գեղարքունիքի մարզում ամանորի այս միջոցառմանը կմասնակցի 900 երեխա: Եվս երկու օր՝ դեկտեմբերի 23-ին և 24-ին արցախցի փոքրիկները հնարավորություն կունենան վայելելու ամենասիրված և սպասված տոնի հեքիաթը:
Իսկ տոնը՝ այն էլ Ամանորը, առանց նվերների չի լինում: Հիմնադրամը միջոցառման բոլոր մասնակից երեխաների համար նախատեսել է նվեր-փաթեթներ՝ տրամադրություններն ու տպավորություններն ամբողջացնելու համար: Հեքիաթները փոքրիկների հետ են մնալու նվեր ստացած գրքերի շնորհիվ: