ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փակ զեկույցներն ուղարկել են միջազգային կառույցներին, օտարերկրյա պետություններին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի լիազոր մարմիններին:
Միջազգային կառույցներից գլխավորապես լռություն է եղել՝ նշեց Բեգլարանը:
«Հետաքրքրություն ցուցաբերվել է միայն կոնկրետ դեպքերում: Օրինակ՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և հանրահայտ մի քանի այլ կազմակերպություններ արդեն սկսել են այցեր կատարել կամ հեռակա հետազոտություններ իրականացնել, որոնց շրջանակում մեր փաստահավաք գործունեության արդյունքներն իրենց շատ են պետք գալիս»,- նշեց Բեգլարյանը:
ՄԱԿ-ի և ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատարների կողմից էլ անընդհատ հետազոտություններ են կատարվում, գործընթացներին հետևում են, զեկույցներն ուսումնասիրվում են, բայց հայտարարություններում զուսպ են, մի քանի հայտարարություն եղել է օբյեկտիվ, բայց ընդհանուր առմամբ հավասարության նշան է դրվել կողմերի միջև՝ նշեց Բեգլարյանը: