Այսօր տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը՝ Ստեփանակերտի քաղաքապետի նախագահությամբ:
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը անդրադարձել է տարհանված բնակիչների խնդիրներին: Բնականաբար, առաջնահերթը բնակարանայինն է: Քիչ չեն նաև կենցաղային դժվարությունները: Դավիթ Սարգսյանը հորդորել է միայն կոչերով չլինել նրանց կողքին, այլ նաև ռեալ գործերով:
Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում թափուր աշխատատեղերի առկայության դեպքում էլ նախապատվությունը տրվելու է Ստեփանակերտում բնակվող տարհանվածներին:
Պատերազմը նաև սրբագրեց համայնքային բյուջեի մուտքային մասը: Մասնավորապես, մինչև գալիք տարվա հունվարի 1-ը քաղաքացիները ազատվում են մատակարարված խմելու ջրի և աղբահանության դիմաց վճարներից:
Մեկ տարի ժամկետով գույքահարկ չի մուծվելու 2020 թ. պատերազմում զոհվածներին, վիրավորներին և որոշ այլ կատեգորիաների քաղաքացիներին պատկանող մեքենաների համար՝ համապատասխան տեղեկանքի դեպքում:
Նիստի մեկնարկին Դավիթ Սարգսյանը ներկաներին նաև տեղեկացրեց, որ ավագանու անդամ Գրիգորի Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվում են այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ավագանին ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2020 թ. բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդումը: Նշված ժամանակահատվածում ընդհանուր մուտքերը կազմել են 1072239.4 հազ. դրամ՝ նախատեսված 1306822.0 հազ. դրամի փոխարեն, կատարողականը՝ 82.0 %: Ընդհանուր մուտքերի 28.5 %-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով կատարողականը կազմում է 84.4 %: Բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1072322.2 հազ. դրամի չափով, պլանավորված 1318429.0 հազ.դրամի 81.3 %-ը:
Որոշում է ընդունվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2021 թ. տեղական տուրքերի և վճարների, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարները սահմանելու մասին: