Հրաշքով փրկված զինվորների ընտանիքներում հյուրերի պակաս չկա։ Ով լսում է, որ 70 օրվա անհայտությունից հետո Դավիթն ու մարտական ընկերները ողջ և առողջ գտնվել են՝ շտապում են աչքալուսանքի։ Պատերազմի մասնակից ու ընտանիքի բարեկամ Սերյոժան ոչ մի վայրկյան չի կասկածել, որ տղաները ողջ են։
Սերյոժա Նազարյան - Իրենք խելացի են: Դավիթը Ռուսաստանում է ապրել, Հայաստան է տեղափոխվել զորակոչային տարիքում, բանակ է մեկնել օգոստոսին։ Մեկուկես ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Մինչև հոկտեմբերի 15-ը կարողացել է իր մասին լուր տալ, դրանից հետո տնեցիների հետ կապն ընդհատվել է։ 70 օր, կարելի է ասել, ընտանիքը չի ապրել։
Վարդուշ Սահակյան (Դավիթ Սահակյանի տատիկը) - Ոչ կերել ենք, ոչ խմել:
Իսկ երբ Ֆրանսիայում ապրող բարեկամը զանգել-ասել է, որ սոցկայքերում գտնված վեց զինվորի, այդ թվում Դավիթի անունն է կարդացել, հայրը մի պահ նույնիսկ կորցրել է խոսելու ընդունակությունը, իսկ տատիկը ստիպել է մի քանի անգամ կարդալ թոռան անուն, ազգանուն, հայրանունը։ Կասկածները փարատվել են տեսանյութը դիտելուց հետո։
Գեղամ Սահակյան (Դավիթ Սահակյանի հայրը) - Էդ զգացմունքը չես կարող արտահայտել․․
Վարդուշ Սահակյան - Պիտի հավատ ունենաս, որ հավատացիր՝ կլինի:
Ընտանիքը վստահ է, որ կենաց-մահու պայքարում իրենց տղային ապրելու ուժ է տվել նրա կայուն մարզավիճակը։
Գեղամ Սահակյան - Բայդարկայով լողում էր, ասում էր՝ թողնում եմ 100 մ առաջ անցնեն, հետո քաշում էի, ընկնում առաջին տեղը։
Հարազատները հույս ունեն, որ առաջիկայում Դավիթին ու մյուս զինվորներին կտեղափոխեն Երևան։ Ուզում են գրկել, շոյել, զգալ: Ընտանիքի ջերմությունը կօգնի շուտ ոտքի կանգնել։
Հունան Սահակյան (Դավիթ Սահակյանի հորեղբայրը) - Դավիթի ձեռքն է, ենթակա է վիրահատության, ուզում ենք գա այստեղ, որ հարազատներով կողքին լինենք, շուտ ապաքինվի:
Դավիթը տեսանյութի՝ ռուսերեն խոսող, մանդարին ու կիթառ ուզող տղան է։ Ոտքերը ցրտահարված են, ձեռքը՝ վիրավոր։ Հայրն ասում է՝ եթե կիթառն ուզել է, ուրեմն վստահ է, որ վիրավոր ձեռքով էլ կնվագի։
Գեղամ - Լեթ Զեփելին է նվագում, ես շշմած եմ: Ամաչում էր, ասում էր՝ մի անգամ նվագի, լսեմ: Որ նվագեց՝ զարմացա, որ ինքնուրույն սովորել է դա։
Տղային բանակ ճանապարհելու համար Ռուսաստանից վերադարձած հայրն այդպես էլ չկարողացավ հետ գնալ։ Դավիթին փնտրելու ընթացքում երբեմն թուլության պահեր է ունեցել ու վախեցել խոստովանել։ Բայց նաև զգացել է, որ տղան ողջ է։ Ասում է՝ ես հույս ունեի, որ կգտնվեն, իսկ իրենք սպասում էին, որ կգտնեն։
Գեղամ - Մարդկային իմաստությունը երկու բառի մեջ է՝ հուսալ և սպասել։ Իսկ իրենց հույսը ապրելու փնտրտուքի մեջ է:
Դավիթի բեմադրիչ հայրը հնարավորության դեպքում ֆիլմ կնկարի պատերազմի 44 և դրան հաջորդած օրերի մասին։ Գաղափարը հասունացրել են կորած ու գտնված տղաները՝ ամեն գնով ողջ մնալու, և չհանձնվելու իրենց համառ ձգտումով։