Մարմաշենցի Կորյուն Ասատրյանը Հին Շեն գյուղի մոտակայքում տասնօրյա շրջափակումից հետո տուն է վերադարձել։ Գյուղում բոլորն են հետաքրքրված, հավաքվել են վարչական կենտրոնի դիմաց՝ իմանալու Կորյունի որպիսությունը։ Կենտրոնի ղեկավարն էլ շատ գործեր ունի, բայց Կորյունին տեսնել-զրուցելուց հետո։
Գյուղից նաև դասակի հրամանատար Հովսեփն էր, ևս երեք հոգի իր պես ֆերմեր տղամարդ, որոնք կամավորագրվել էին հայրենիքի համար։ Խոշորացված Մարմաշեն համայնքից՝ շուրջ 20 հոգի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի տեղակալը, ավագանու անդամներ ու գյուղապետարանի օպերատորը։ Մարմաշենում այդ օրերին շատ անհանգիստ էին, շրջափակման մեջ մնացածներն էին զանգում, փորձում հանգստացնել, որ ամեն բան նորմալ է։
Կորյուն Ասատրյան, կամավոր - Խուճապն այստեղ էր, մենք զանգում էինք, ասում՝ ինչպես մենք ենք շրջափակման մեջ, այնպես էլ իրենք: Իրենք էին եկել առաջ, հետևում, դիմացը մեր զորքն էր:
Թշնամու տեղաշարժ են նկատել, հասկացել, որ փորձում են գյուղը դիրքերից անջատել ու Հին Շենը վերցնել իրենց վերահսկողության տակ, չնայած որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նման բան չի նախատեսում։ Շրջափակման օրերին, ասում են, ոչ մի բանի պակաս չկար՝ ոչ հացի, ոչ ջրի, ոչ լավատեսության։
Կորյուն Ասատրյան - Մենք դուրս գալու հնարավորություն ունեինք, բայց եթե դուրս գայինք, կմնար իրենց, դուրս չեկանք:
Որ հայտնվել էին շրջափակման մեջ, անմիջապես հասկացան՝ ասում է Կորյուն Ասատրյանը, պատրաստ էին։ 10 օրյա շրջափակում, հետո՝ բանակցություններ, այդ օրերին նրանք կատարեցին առաջադրանքը, դիրքերը պահեցին մինչև վերջ, մինչև խաղաղապահները հայկական զորամիավորումների հետ հասան հենակետ։
Կորյունը պատմում է, երբ տուն է եկել, առաջին օրերին քնել չի կարողացել, բայց բոլորին հավաստիացնում էր, թե ամեն ինչ կարգին է:
Արփի, Աշոցք, Սարապատ, Մարմաշեն և Անի խոշորացված համայնքի բնակիչներից է կազմված Շիրակի մարզի կամավորական վաշտը։ Նրանց մի մասը քաղաքացիական կյանքում համայնքների ղեկավարներ ու տեղակալներ են, վաշտի հրամանատարը Արթուր Հակոբյանն է՝ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը։
Այս կազմով հավաքվել էին հոկտեմբերի կեսերին, որոշում ընդունել կամավորագրվել հայրենիքի պաշտպանության համար և նույն կազմով վերադառնալ ու նորից հանդիպել։
Այս ամենը հիմա անցյալում է, մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարված է։ Հիմա ժամանակն է վաշտի մատաղի հարցերը քննարկել, ինչպես խոստացել էին Մեծ Շենի դիրքերում։ Եթե որոշեն զորացրվել, կզորացրվեն, եթե ոչ՝ պատրաստ են նոր առաջադրանքի։