Հանրապետության հրապարակում ընթացող 17 քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքներին մասնակցելուց հրաժարված «Տոյոտա Երևան» ընկերության աշխատակից Գոռ Մելիքբեկյանն ազատվել է աշխատանքից: Երեկ Ֆեյսբուքում այդ մասին գրառում արեց նրա կինը՝ Գայանե Հովհաննիսյանը:
«Այսօրվա հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում ամուսինս հեռացվեց աշխատանքից»,- գրել էր նա:
Գայանե Հովհաննիսյանի պատմելով՝ «Տոյոտա Երևանում» աշխատող ևս 6 հոգի հրաժարվել են մասնակցել հանրահավաքին։ Ընկերության գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանը նրանց հերթով կանչել է իր աշխատասենյակ ու բացատրություն պահանջել։ Չստացված խոսակցության հետևանքով հանրահավաքին մասնակցելուց հրաժարված աշխատակիցները հեռացվել են աշխատանքից:
Ըստ պետռեգիստրի՝ «Տոյոտա Երևան» ընկերության բաժնեմասի 60 տոկոսը պատկանում է մի շարք մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին, 30 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, 10 տոկոսը՝ Վահե Գզրարյանին: Ընկերության տնօրինության հետ կապ հաստատել չհաջողվեց:
Աշխատանքից ազատված Գոռ Մելիքբեկյանը «Լուրերի» հետ զրույցում հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել, միայն ասաց՝ իրեն բանավոր են հայտնել հեռացման մասին և արդեն երկու օր է՝ աշխատանքի չի գնում:
Նման խնդրի առաջ կանգնած քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի Դավիթ Սարգսյանի ղեկավարած իրավաբանական գրասենյակը: Երեկ գրասենյակի տարածած հայտարարությունից հետո արդեն երկու քաղաքացուց ահազանգ են ստացել: Նրանց տրամադրվել է անվճար խորհրդատվություն:
Դավիթ Սարգսյան (Law department իրավաբանական գրասենյակի տնօրեն) - Ազատման դեպք դեռևս չկա: Եղել է սպառնալիք՝ խոսակցության մակարդակում, որ եթե չգաք՝ կազատենք:
Եթե գործատուն օրենքի խախտմամբ ազատման դիմում գրելու պահանջ կներկայացնի, ապա փաստաբանը հորդորում է նման բան չանել:
Արձանագրված դեպքերի առնչությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Օմբուդսմենի գրասենյակից փոխանցեցին՝ մարդու իրավունքների պաշտպանը մասնավոր կազմակերպություններում կոնկրետ դեպքերով զբաղվելու իրավասություն չունի։ ՄԻՊ-ից հորդորում են դիմել դատարան կամ հիմքերի առկայության դեպքում՝ իրավապահ մարմիններին։ Եթե դժգոհություններ ունենան իրավապահ մարմիններից, այդ դեպքում կարող են դիմել մարդու իրավունքների պաշտպանին։
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ հայտնեց՝ դիմել է գլխավոր դատախազին՝ մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքով հանրահավաքներին մասնակցելու դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ պատգամավորի դիմումն ուղարկվել է քրեական ոստիկանություն՝ հանգամանքները պարզելու համար: