ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ փաթեթն ընդունվել է այս տարվա փետրվարի 13-ին՝ երկարուձիգ, թեժ քննարկումներից հետո: Օրենքով խիստ սահմանափակումներ են մտցվում՝ ծխախոտի մակնշումից, փաթեթավորումից, գովազդից մինչև փակ, բաց տարածքներում ծխելու հետ կապված:
Թունյանը նշեց, որ առաջարկվում է մեկ տարով հետաձգել օրենքի երեք դրույթի կիրառումը, որոնք ուժի մեջ են մտնում 2021-ի հունվարի 1-ից: Փոփոխությունն, ըստ պատգամավորի, պայմանավորված է կորոնավիրուսից և ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում տնտեսության և հարկային եկամուտների վրա բացասական ազդեցության մեղմմամբ, ինչպես նաև որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ վերլուծություններ անելու հնարավորության ստեղծմամբ, մասնավորապես՝ օրենքի կիրառումն ինչ ազդեցություն է ունենալու մարդկանց առողջության և բիզնեսի վրա:
Թունյանը հայտնեց, որ առաջարկվում է հետաձգել հետևյալ դրույթները՝ առևտրի կետերում ծխախոտային արտադրատեսակների ցուցադրության արգելք, տուփերի կամ բլոկների ցուցադրության արգելք, փոխարինիչների և ծխախոտային արտադրատեսակների մակնշում: «Առաջարկում ենք հետաձգել, քանի որ խիստ կասկածելի է, թե քանի տոկոսով է ծխողների թիվը նվազելու, բայց տնտեսվարողների եկամուտների վրա ազդեցությունը խիստ էական է լինելու. խոսքը մի քանի հազար տնտեսվարողների և մի քանի միլիարդ դրամի մասին է»,- պարզաբանեց նա:
Բ.Թունյանն ասաց, որ փակ, կիսափակ և բաց տարածքներում ծխելու վերաբերյալ դրույթները մնում են անփոփոխ:
Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, որի խոսքով՝ օրենքի նշված դրույթների հետաձգումն էլ ավելի կվատթարացնի առկա վատթար վիճակը: «Կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ եթե այս դրույթներն ուժի մեջ մտնեն, որևէ բացասական ազդեցություն չեն ունենա տնտեսության վրա: Օրենքի բոլոր դրույթների կիրառումը շատ կարևոր է, և, ի դեպ, դրանց կիրառման ժամկետը հետաձգվել է հենց հանձնաժողովի առաջարկով: Փոխնախարարն առաջարկեց խնդրին անդրադառնալ հաջորդ տարի՝ թույլ տալով, որ այդ դրույթները մտնեն ուժի մեջ՝ հորդորելով օրենքի փոփոխությունների նախագիծը հանել շրջանառությունից:
Երկար ու թեժ քննարկումից հետո նախագծերի փաթեթը քվեարկության դրվեց, արժանացավ հանձնաժողովի անդամների հավանությանը և ներառվեց դեկտեմբերի 24-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: