ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է հակաբիոտիկային կայունությանը:
«Նախորդ նյութերում քննարկել ենք տարբեր թեմաներ` պաշտպանական մեխանիզմները, որոնք օգտագործել են բակտերիաները հակաբիոտիկային դարաշրջանում գոյատևելու համար (https://www.moh.am/#1/3377), ինչպես են չարաշահվում հակաբիոտիկները կորոնավիրուսի ընթացքում (https://www.moh.am/#1/3389), ինչպես նաև այն գործոնները, որոնք նպաստում են այս խնդրի խորացմանը գլոբալ մակարդակով (https://www.moh.am/#1/3400): Այս հրապարակմամբ ներկայացնում ենք հակաբիոտիկային կայունության (ՀԿ) հետևանքները և կփորձենք հասկանալ, թե ինչպես է հնարավոր կանխարգելել այն:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս ամբողջ աշխարհում: Ստանդարտ հակաբիոտիկները կարող են դառնալ անարդյունավետ ամենապարզ հիվանդությանների բուժման համար: Այլ դեղամիջոցները կարող են նույնպես չօգնել: Բակտերիաների մի քանի օրինակ, որոնց դեմ պայքարում բժշկությունը գրեթե անզոր է դարձել.
Carbapenem-resistant Enterobacteriaceae (CRE) էնտերոբակտերիան համարվում է խիստ վտանգավոր, քանի որ գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ կայուն է և հեշտությամբ տարածվում է: ԱՄՆ-ում հիվանդանոցային պացիենտների գրեթե կեսը, ովքեր արյան վարակներ են ստանում CRE բակտերիայից, մահանում են, քանի որ չի հաջողվում նրանց բուժել:
Multidrug-resistant (MDR) Neisseria gonorrhoeae-ն առաջացնում է գոնորեա և ցուցաբերում է դիմադրություն սովորական հակաբիոտիկների նկատմամբ:
Extended-spectrum β-lactamase-producing Enterobacteriaceae (ESBL)-ն արտադրում է սպիտակուց, որի շնորհիվ դիմադրում է պենիցիլինների և ցեֆալոսպորինների լայն տեսականուն` ներառյալ երկարացված սպեկտրի ցեֆալոսպորինները:
Multidrug-resistant (MDR) Salmonella-ն հաճախակի ծանր բակտերիալ աղիքային վարակների պատճառ է դառնում և ԱՄՆ–ում տարեկան առաջացնում է շուրջ 100 հազար հիվանդություն:
Methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA)-ն առաջացնում է թոքաբորբ, մաշկի և վերքերի, նաև արյան վարակներ:
Multidrug-resistant (MDR) Pseudomonas-ն առաջացնում է թոքաբորբ և արյան շրջանառության վարակներ: Որոշ շտամներ կայուն են գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ:
ԱՀԿ-ի կանխատեսումներին համաձայն` ՀԿ-ի դինամիկան աշխարհում կցուցաբերի պրոգրեսիվ միտում, և եթե այս ճգնաժամին դիմակայելու միջոցներ չձեռնարկվեն, մինչև 2050 թվականը մահերի քանակը ներկայիս 700 հազարից կհասնի 10 միլիոնի:
ՀԿ-ի տարածումը սահմանափակելու համար պետք է քայլեր ձեռնարկել հասարակության տարբեր մակարդակներում` անհատական, առողջապահական, քաղաքականության մշակման, գյուղատնտեսական: Այսօր կանդրադառնանք այն կանոններին, որով պետք է առաջնորդվենք, որպեսզի կանխենք ՀԿ-ի տարածումն անհատական մակարդակում: Հակաբիոտիկների չարաշահումից խուսափելու համար անհրաժեշտ է այս կանոններին առանձնակի ուշադրություն դարձնել, հատկապես` COVID-19-ի ընթացքում.
-
օգտագործել հակաբիոտիկներ միայն այն դեպքում, եթե դրանք նշանակել է բուժող բժիշկը,
-
երբեք հակաբիոտիկներ չպահանջել, եթե Ձեր բժիշկն ասում է, որ դրանք Ձեզ անհրաժեշտ չեն,
-
հակաբիոտիկներ օգտագործելիս միշտ հետևել բժշկի խորհուրդներին` օգտագործել դրանք ըստ նշանակված քանակի` կիսատ չթողնելով բուժումը,
-
կանխել վարակների տարածումը. պահպանել պատշաճ հիգիենա, պարբերաբար լվանալ ձեռքերը, սահմանափակել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումները, վարել անվտանգ սեռական կյանք, իրականացնել պատվաստումներ,
-
սնունդ պատրաստելիս հետևել ԱՀԿ-ի կողմից սահմանված անվտանգ սննդի հինգ բանալիներին (մաքուր պահել, առանձնացնել հում մթերքը եփածից, մանրակրկիտ եփել, պահել սնունդն անվտանգ ջերմաստիճանում, օգտագործել անվտանգ ջուր և հում սնունդ) և ընտրել սննդամթերք, որն արտադրվել է առանց հակաբիոտիկների օգտագործման,
-
չկիսվել անձնական իրերով, ինչպիսիք են` ածելիները, սրբիչները կամ խոզանակները,
-
այլոց բաց վերքերին չդիպչել,
-
օգտագործել հասարակ օճառ ձեռքերը և ընդհանուր մակերեսները լվանալու համար: Հակաբակտերիալ բաղադրիչներով օճառները չեն կանխում վարակի տարածումը, ընդհակառակը, դրանք կարող են նպաստել ՀԿ-ի խորացմանը:
Որոշ մարդիկ կարող են առարկել` ասելով, որ թվով 7.8 միլիարդ գլոբալ հասարակության մեջ, լինելով մեկը, չեն կարող բարելավել իրավիճակը: Սակայն, ինչպես ասել է օդերևութաբան Էդվարդ Լորենցն իր «Butterfly effect» տեսության մեջ. «Յուրաքանչյուր փոքր փոփոխություն կարող է ունենալ անսպասելի մեծ արդյունք»: Հետևաբար, պահպանելով վերոնշյալ կանոնները, յուրաքանչյուր ոք կարող է նպաստել համաշխարհային առաղջապահության բարելավմանը»,- ասված է ԱՆ հրապարակման մեջ: