2020 թ. դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ԱՊՀ ՀԾՂՀԽ) 27-րդ նիստը: Մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Համավարակով (COVID-19) պայմանավորված՝ նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
Նիստի հիմնական թեման նվիրված էր ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների գործունեությանը համավարակի (COVID-19) պայմաններում և դրա հետևանքների հաղթահարմանը։
Այս համատեքստում, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից համավարակի (COVID-19) հաղթահարմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ շնորհանդես:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև հարկային մարմինների կողմից հարկային որոշակիության բարձրացման արդի ուղղությունները, համատեղ հարկային ստուգումների և հարկային վարչարարության բարելավման մի շարք հարցեր։ Հաստատվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 2021 թ. աշխատանքային ծրագիրը:
Նիստի ժամանակ ընդգծվել է նաև ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը՝ էլեկտրոնային եղանակով տեղեկություններ փոխանակելու հարցում: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել և հաստատել է տեղեկատվության փոխանակման ձևաչափերը։ Ավելին՝ 2020 թ. ընթացքում հարկային մարմինների միջև իրականացվել են էլեկտրոնային եղանակով տեղեկությունների թեստային փոխանակումներ, իսկ 2021 թ. նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով առկա տեղեկությունների ամբողջական փոխանակում:
Նիստի շրջանակում 2021 թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում 2021 թ. հոկտեմբերին: