Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի մաքրումը: Ժամանակակից ռոբոտացված համակարգերն օգնում են պահպանել աշխատանքի բարձր տեմպը լեռնային տեղանքներում և եղանակի վատ պայմաններում: Գտնված զինամթերքը տեղում պայթեցնում են կամ տեղափոխում հատուկ վայր: Խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումներն արդեն վնասազերծել են ավելի քան 8,5 հազար արկ: Ընդհանուր առմամբ, նրանք ստուգել են 260 հա տարածք, մոտ հարյուր կիլոմետր ճանապարհ, գրեթե 4,5 հարյուր տուն: Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում նաև բժշկական թիմեր են ստեղծել՝ հեռավոր վայրերում դաշտային աշխատանքի համար: Խմբերում ներառված են ակնաբույժներ, վիրաբույժներ, թերապեվտներ: 800 մարդ արդեն դիմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժիշկներին:
***
Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելում տեղի կունենան չորրորդ խորհրդարանական ընտրությունները: Երեկ Կնեսետը լուծարվեց՝ չկարողանալով սահմանված ժամկետում հաստատել երկրի պետական բյուջեն: Գործող օրենսդրության համաձայն, արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 23-ին: Բենիամին Նեթանյահուն մնում է վարչապետ մինչև նոր կառավարության ձևավորումը: Իսրայելի ներկա կառավարությունն սկսեց գործել մայիսին՝ ավելի քան 500 օր տևած քաղաքական ճգնաժամից հետո: Գլխավոր մրցակիցներն էին իշխող «Լիկուդ» կուսակցությունը՝ Նեթանյահուի գլխավորությամբ և Քահոլ-Լավանը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի ղեկավարությամբ, որոնք կոալիցիա կազմեցին ռոտացիոն սկզբունքով: Գանցը պետք է վարչապետի պարտականությունները ստանձներ 2021 թվականի նոյեմբերից:
***
Թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող Բեռլինում ապաստանած թուրք լրագրող Ջան Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման: Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Դատախազությունը Դյունդարի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրել՝ «քաղաքական և զինվորական լրտեսություն» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն»:
***
Ֆրանսիական Սենտ-Ժյուստ համայնքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ երեք ժանդարմ սպանած, մեկին վիրավորած 48-ամյա քաղաքացուն մահացած են գտել իր մեքենայում: Մահվան պատճառն առայժմ պարզ չէ: Չորեքշաբթի առավոտյան ֆրանսիական ոստիկանությունը ահազանգ էր ստացել ընտանեկան բռնության մասին: Հասնելով դեպքի վայր՝ ոստիկանները փորձել էին փրկել տան տանիքում թաքնվող կնոջը: Տղամարդը կրակել էր երկու ժանդարմի վրա՝ սպանելով նրանցից մեկին, ապա սպանել էր տան մոտ հայտնված ևս երկու ժանդարմի: Այնուհետև տանտերը հրկիզել էր իր տունը: Տանիքում թաքնված կինը փրկվել է: Նրա ամուսինը իրավապահներին հայտնի էր երեխաների խնամակալության հետ կապված խնդիրներով: