Հունաստանը կոչ է անում եվրոպական առաջնորդներին՝ ավելի ուժեղ ճնշում գործադրել Անկարայի վրա Միջերկրական ծովի արևելքում վիճելի ջրերում իր գործողությունների կապակցությամբ, բայց կոչերը հիմնականում անտեսվում են՝ հայտնում է al-monitor-ը:
«Գերմանիան չի արձագանքի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո սահմանելու Հունաստանի խնդրանքին: Մենք դարձյալ ընդունում ենք, որ հակամարտությունը լուծում ունի, և չպետք է ՆԱՏՕ-ի գործընկերոջն ընդմիշտ հեռացնենք սպառազինությունների համագործակցությունից»,- երեքշաբթի ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ զենքի արգելքը համարելով «ռազմավարական սխալ»: Գերմանիան Թուրքիա վեց սուզանավ ուղարկելու մասին պայմանագիր ունի: Իսկ դա, ըստ Աթենքի, սպառնում է մեծացնել Թուրքիայի ռազմական առավելությունը ծովում:
Դեկտեմբերի 10-11-ը ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ Հունաստանը կոչ արեց ԵՄ-ին՝ զենքի արգելք սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ պնդելով, որ Անկարան զենքը կարող է օգտագործել ԵՄ անդամ Հունաստանի և Կիպրոսի դեմ:
Ֆրանսիայից, Հունաստանից և Կիպրոսից բացի՝ եվրոպական մյուս առաջնորդները հիմնականում մերժել են զենքի էմբարգոյի պահանջը և ընդունել ավելի մեղմ դիրքորոշում՝ կառուցողական երկխոսության հնարավորության հույսով:
Դեկտեմբերին տեղի ունեցած առաջնորդների գագաթնաժողովից հետո Եվրոպական խորհուրդը, հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների դեմ Թուրքիայի ակտիվացրած հռետորաբանությունը, որոշեց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտոնատար անձանց և սուբյեկտների դեմ, բայց հետաձգեց ավելի մեծ որոշումները, ինչպիսիք են զենքի էմբարգոն: