Պատերազմից հետո Արցախի Նոր Խարխափուտ գյուղը ևս հրաժեշտ տվեց իր բնակիչներին: Անահիտ Շաբոյանը նրանցից մեկն էր:
Անահիտ Շաբոյան - Խաղաղություն լինի, որ էս երեխաները էլ չտեսնեն պատերազմ:
Նոր Խարխափուտի դպրոցում դասվար էր: Վերջին դասը սեպտեմբերի 26-ին էր: Պատերազմից հետո աշակերտներից երկուսը Վարդենիսում են: Ինքը ևս տեղափոխվել է Վարդենիս, ապրում է ծնողների հետ: Դիմել է քաղաքապետին դպրոցում աշխատանքի անցնելու համար:
Արևիկ Արզոյան (Վարդենիսի համայնքապետարանի սոցիալական աջակցության բաժնի պետի պաշտոնակատար) - Մշտական բնակության հետ կապված, կարծում եմ, մենք փորձենք աշխատանքով ապահովել մեր բնակիչներին, որովհետև բոլոր արցախցիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, վերցնում ենք փաստաթղթերը և, առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ որ կա թափուր հաստիք որևիցե կազմակերպությունում, տեղավորում ենք աշխատանքի:
Վարդենիսի համայնքապետարանը փորձում է օգնել նրանց՝ աշխատանքի տեղավորվել՝ այդպիսով լուծելով նաև նրանց կեցության խնդիրը:
Քարվաճառին մոտ սահմանամերձ քաղաքը պատերազմի օրերին արցախցի երեք հարյուր ընտանիքի հյուրընկալեց: Ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերից տարհանված արցախցի ընտանիքները այժմ Վարդենիսում երկու հարյուրն են:
Արևիկ Արզոյան - Քանիսն են մնալու մշտական բնակության. ֆիքսված թիվ չեմ կարող ասել, նրանք էլ դեռ կողմնորոշված չեն, բայց կան ընտանիքներ, երևի թե՝ մի 30 ընտանիք, որ, կարծում եմ, կմնան:
Արամ Մելքոնյանը պատերազմի առաջին օրից զինվորական համազգեստով է: Վարդենիս համայնքի ղեկավարն ամեն ինչ անում է՝ հասցնելու և՛ ղեկավարել համայնքը, և՛ դիրքը պահող զինծառայողների հետ միասին մասնակցել սահմանների պաշտպանության գործին:
Արամ Մելքոնյան (Վարդենիս համայնքի ղեկավար - Ստեղծված իրավիճակում 2-րդ բանակային կորպուսի հետ Վարդենիս համայնքը, Գեղամասար համայնքը բավականին լուրջ համագործակցության մեջ են և նշեմ, որ Վարդենիսի տարածաշրջանում շատ ամուր ենդիրքերը, նախկինից մնացած դիրքերը հիմա շատ-շատ ամուր են:
Արամ Մելքոնյանը վստահեցրեց, որ սահմանային լարվածություն չկա: Համայնքը բանակի կողքին է, որն ամենօրյա ռեժիմով ամրապնդում է հայկական դիրքերը: