Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը (МОСН) շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի այլ բնակավայրերում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
МОСН-ի խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Անցած օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Գիշի բնակավայրի 35 բնակչի:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչ, այդ թվում՝ 100 երեխա, որակյալ բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում:
Բոլոր դիմած քաղաքացիները շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:
Տեղի բնակիչները, որպես կանոն, դիմում են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության համար:
МОСН ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշիկ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: