Նոր տարին այս անգամ նախորդներից կտարբերվի, բայց երեխաների համար ամանորի հրաշքը չի ուշանա: Երևանի թատրոնները փոքրիկ հանդիսատեսին խոստանում են հեքիաթային տպավորություններ:
Երևանի պետական տիկնիկային թատրոնում մինչև հունվարի 14-ը կլինի «Նվերների աշխարհ» երաժշտական ներկայացումը: Այստեղ փոքրերի խնդրանքը կատարել ու սիրելի հերոսներին մեկ ներկայացման մեջ են ներառել: Ինտերակտիվ ներկայացման ընթացքում հանդիսատեսը դերասանների հետ միասին կպարզի, թե հերոսներից ով որ նվերում է թաքնված:
Այստեղ հանդիսատեսին խոստանում են անմոռաց տպավորություններ, ամեն ինչ անում են, որ փոքրերի օրը նախորդներից տարբերվի: Պատրաստվում են 2000 երեխա հյուրընկալել: Նոր տարվա հեքիաթը նաև մարզեր կտանեն:
Սամսոն Մովսեսյան, ռեժիսոր - Նախատեսվում են ներկայացումներ՝ արցախից փոքրիկների, զոհված, հաշմանդամ վիրավոր զինծառայողների համար: Ունենք աջակիցներ, նվերներ կստանան:
Կախարդանք, գույների հրավառություն ու հեքիաթային պահեր է խոստանում նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Իրավիճակով պայմանավորված՝ նոր ներկայացում չեն բեմադրել, բայց հանդիսատեսին սպասվում են խաղացանկի լավագույնները: Դեկտեմբերի 27-ից մայր թատրոնի բեմում կլինի «Ալադին» երաժշտական ներկայացումը: Այստեղ երեխաները կհամոզվեն՝ երազանքներն անպայման իրականանում են:
Հունվարի 2-ից էլ փոքրերն ու նրանց ծնողները կարող են տեսնել Անդերսենի հեքիաթի հիման վրա բեմադրված «Սառցե սիրտը» մյուզիքլը: Սա ամենապահանջված ներկայացումն է, որը միայն առաջին երկու ամսում 20.000 հանդիսատես է ունեցել:
Հրաչ Ներսիսյան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն - Կախարդակալ լամպը հարուստ ներկայացում է՝ հեքիաթի հիման վրա լուսեղեն շքեղ ներկայացում:
9-ամսյա կորոնադադարից հետո այսօր «Ջրահարսը» ներկայացումով հանդիսատեսի առաջ դռները բացեց նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը: Ներկայացումը նոր չէ, բայց շատ սիրված է՝ ասում է թատրոնի տնօրենը: Ունեն նաև ևս մեկ երաժշտական, վառ ու գունագեղ բեմադրություն: «Գեղեցկուհին և հրեշը» բեմում կլինի դեկտեմբերի 25-ից:
Բացի իրենց մշտական հանդիսատեսից, այս տարի կհյունընկալեն նաև արցախցի փոքրիկներին: Մյուս թատրոններում ևս ամանորի ներկայացումների պակաս չի լինի: Խոստանում են՝ ամեն ինչ անելու են, որ փոքրիկների աչքերը փայլեն: