ՀՀ Աժ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում:
Կարևորելով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի գործունեությունն այս դժվարին իրավիճակում՝ ԱԺ փոխնախագահը նաև իր երախտիքն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Թիերի Ռիբոն մանրամասներ է ներկայացրել պատերազմական գործողությունների ավարտից հետո իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք և անկողմնակալ կազմակերպություն, մասնակցել է անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին, հանդիպել է հայ ռազմագերիների հետ, ծանոթացել նրանց պահման պայմաններին:
ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է իր միջնորդական մարդասիրական առաքելությունն իրականացնել:
Խորհրդարանի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմանում օժանդակելու կառույցին՝ աշխատանքներն առավել արագ ու արդյունավետ կատարելու համար: