ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կյանքի է կոչում աշխատանքային իրավունքի պաշտպանության եզակի գործիք․ կայացել է աշխատողների կողմից սեփական իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների գրանցման, ընդունման, քննման EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսը։
EmployeeProtect.am առցանց հարթակը նորարարական տեղեկատվական կայք է՝ ժամանակակից ծրագրային լուծումներով, հասանելի՝ համակարգչով և բջջայինով, ոճով և կառուցվածքով՝ պարզ և հասանելի։ EmployeeProtect.am առցանց հարթակին դիմում, բողոք, առաջարկ, ահազանգ ներկայացրած անձի գաղտնիությունը պահպանվում է՝ թաքցնելով իր IP հասցեն։
Եթե Դուք աշխատող եք, և գործատուն խախտել է Ձեր աշխատանքային իրավունքները, ապա սա բացառիկ հնարավորություն է՝ դեպքի վերաբերյալ ներկայացնել գաղտնի հաղորդում:
Աշխատանքային իրավունքների խախտման խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է կցել լուսանկարներ, տեսա- և ձայնագրություններ։ Հայտատուն հայտը ներկայացնելուց հետո ստանում է ծածկագիր՝ հետևելու հայտի ընթացքին։
Չորս քայլ հարթակում, և Ձեր խնդիրը լսելի կլինի։
ԱԱՏՄ նախագիծը կյանքի է կոչվում ամիսների երկար քննարկումների արդյունքում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի տեխնիկական աջակցությամբ։
Աշխատողների իրավունքների պաշտպանության EmployeeProtect.am առցանց հարթակի հիմնական նպատակն է ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը:
Սա նաև աշխատանքային ոլորտում օրենսդրական փոփոխություններին տեղյակ լինելու հնարավորություն է։
EmployeeProtect.am-ը աշխատանքային ոլորտում ծագած խնդիրներին կամ առերևույթ իրավախախտումներին արագ արձագանքելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված առցանց հարթակ է, որտեղ կարելի է դիմում-հայտ ներկայացնել։
Հայտ կարող է ներկայացնել ամեն անձ, այդ թվում՝ պետական և մասնավոր ընկերությունների աշխատողներ, որոնք աշխատանքային ոլորտում առնչվել են խնդիրների ՀՀ-ում:
Հարթակը կգործարկվի հունվարի սկզբին։
Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ՄԱԿ-ի ԶԾ ղեկավար Մարինե Մալխասյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ աշխատակիցներ։