Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի մաքրումը: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:
Գործողության ընթացքում մաքրվել է 260 հա տեղանք, շուրջ 100 կիլոմետր ճանապարհ, 434 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,6 հազար պայթուցիկ:
Ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատ եղանակային պայմաններում:
Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտներն ու չպայթած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում են հատուկ վայրում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ միջոցները:
Ռուս խաղաղապահների օգնությամբ պատերազմից տուժած տարածքներում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: