Ռազմագերիները, որոնք եղել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և դա պաշտոնապես հաստատվել է, հիմնականում վերադարձվել են՝ բացառությամբ մի քանիսի: Քաղաքացիական բոլոր անձինք վերադարձվել են՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Որոշ գերիների մասին առկա են կոնկրետ տեսանյութեր և ապացույցներ, կան նաև վկայություններ վերադարձված գերիների կողմից, որոնք ասում են, որ ադրբեջանական բանտերում տեսել են այդ անձանց, բայց Ադրբեջանը համառորեն չի հաստատում նրանց գերության փաստը:
Կան անհետ կորածներ, որոնք կա՛մ սպանվել են, կա՛մ գերության մեջ են, կա՛մ թաքստոցում են: Ըստ Բեգլարյանի՝ գերիներ կան նաև ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, որոնց մասին կենտրոնական իշխանությունը հնարավոր է՝ տեղյակ չէ, բայց նրանք, միևնույն է, այդ պետության պատասխանատվության տակ են, և եթե նրանց հետ ինչ-որ բան է կատարվում, պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,- նշեց Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ առկա են նաև տվյալներ և ապացույցներ գերության մեջ գտնվող անձանց սպանվելու մասին, այդ թվում՝ քաղաքացիական:
ՄԻՊ-ը հայտնեց, որ գերության մեջ կան նաև կանայք:
«Արդեն առնվազն 4 կին է վերադարձվել գերությունից, բայց ավելի շատ կանայք կան գերության մեջ՝ մի մասը հաստատված ու ապացուցված, մի մասը՝ անհայտ կորած, որոնց մասով կասկածներ կան, որ գերության մեջ են:
Ոչ թե 60, այլ շատ ավելի գերիներ պետք է մոտ օրերին վերադառնան, եթե հաշվի առնենք Խծաբերդից տարված 62 ռազմագերու փաստը»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ գերիները պետք է վերադարձվեն առանց նախապայմանի: