Դեկտեմբերի 17-ին Կառավարությունն ընդունեց մի
որոշում, որն առնչվում էր Երևանի կենտրոնի կառուցապատման ընթացքում թույլ տրված իրավախախտումների հետ։ Կառավարությունը որոշել է Արամի փողոցում գտնվող մի հողատարածք ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Լյուբով Փիլոյանին։ Վերջինս Արամի 38 հասցեում գտնվող իր անշարժ գույքից զրկվել էր «Երևանի կենտրոնի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» միջև կնքված համաձայնությունից հետո։ Փիլոյանը զրկվել էր իր տարածքից, և նրան նույն հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրվել էր 332 քառակուսի մետր հողամաս, կնքվել հողամասի վարձակալության պայմանագիր, որը, սակայն, նոտարական վավերացման չի ենթարկվել: Հետագայում հողամասը վաճառվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անվան հետ կապվող «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ին։ Մոտ 15 տարի տևած դատական քաշքշուկը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ու վերջերս Կառավարությունը Փիլոյանին առաջարկել է բարեկամական կարգավորման գնալ։
Կառավարությունը նշել է, որ նպատակ ունեն կանխելու «Փիլոյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի կողմից խախտում արձանագրող վճռի կայացումը, որը կարող է բերել Փիլոյանից վերցված գույքի առավել մեծ չափերի փոխհատուցման։ Կառավարությունն առաջարկել է Լյուբով Փիլոյանին 2005-ի կադաստրային արժեքով նրան օտարել Արամի 38 հասցեում գտնվող այդ հողամասը: Այն գտնվում է Երևանի Աբովյան փողոցի «Մանկական աշխարհ» հանրախանութի հետնամասում։ Փիլոյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել «Լուրեր»-ին այս գործի հետ կապված։
Արա Աբրահամյանի բիզնես շահերը՝ որպես պետական կարիք
«2005-ին վստահորդիս՝ Լյուբով Փիլոյանի սեփականությունը պետական կարիքների համար վերցնելու գործընթաց է ձեռնարկվել, այն ժամանակ «Երևանի կառուցապատման ու ներդրումային ծրագրերի գրասենյակն» էր դա անում։ «Մանկական աշխարհի» անմիջապես հետևում էր։ Փոխհատուցման հարցով Վերաքննիչ դատարանում Փիլոյանի հետ կնքվել է հաշտություն, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը նրան պիտի տրամադրեր իր տան հարակից հողամասը՝ 99 տարի ժամկետով, գնման նախապատվությամբ ու կառուցապատման իրավունքով։ Վճիռը պիտի կատարվեր, բայց նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հրաժարվեց նոտարական գրանցում հաստատելուց։ Իրենք երկար ժամանակ գաղտնի էին պահում, բայց 2011-ին պարզվեց, որ այդ հողամասը ուղղակի վաճառքով օտարել է «Սոգլասիե Արմենիա»-ին»,- գործի նախապատմությունն է ներկայացնում Փիլոյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը։ Դրանից հետո Վարչական դատարանում հայցվորը պահանջում է պարտավորեցնել ԴԱՀԿ-ին՝ կատարել Վերաքննիչ դատարանի վճիռն ու հողամասը հատկացնել Լյուբով Փիլոյանին։ Գրիգորյանի խոսքով՝ 2008-ին հողամասը, որ պիտի պատկաներ Փիլոյանին, վաճառվում է «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ին, որին պատկանում է նաև «Մանկական աշխարհի» հուշարձան-շենքը. «Պետական կարիքների անվան տակ նկատի են ունեցել Արա Աբրահամյանի ընկերության բիզնես շահերը»,- հայտարարում է փաստաբանը։ Ստիպված մեկ այլ հայցով ևս դիմում են Վարչական դատարան՝ քաղաքապետ Երվանդ Զախարյանի ու «Սոգլասիե Արմենիա»-ի միջև գործարքն անվավեր ճանաչելու պահանջով, 2014-ին Վարչական վերաքննիչ դատարանը Լյուբով Փիլոյանի օգտին է վճիռ կայացնում, անվավեր ճանաչելով գործարքը։ Քաղաքապետն ու «Սոգլասիե Արմենիան» Վճռաբեկ դատարանում, սակայն, կարողանում են հասնել հաջողության, և գործարքը շարունակում է ուժի մեջ մնալ։
«2015-ին ներպետական բոլոր ատյանները սպառված էին, ու դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միաժամանակ Սահմանադրական դատարան էինք դիմել։ ՄԻԵԴ-ից պահանջում էինք, որ ճանաչվի Լյուբով Փիլոյանի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստն ու սեփականության իրավունքի խախտման փաստը՝ Փիլոյանից, փաստորեն, գույք են վերցրել, բայց փոխհատուցում չեն տվել»,- նշեց Գրիգորյանը։ Նա հայտնում է՝ ՍԴ դիմելուց հետո, հաշվի առնելով գործի պատճառաբանական մասը, Վարչական վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է գրանցել Լյուբով Փիլոյանի իրավունքներն այդ հողամասին, սակայն 2 տարի Կադաստրի կոմիտեն նշված գրանցումը չի իրականացրել։
«Երկու տարի մենք դիմել էինք, բայց կադաստրը անընդհատ գրանցման վարույթը կասեցնում էր։ Եվրոպական դատարանում այս տարի կոմունիկացվեց հայցը, վստահորդիս իրավունքները երկու տարի է՝ չեն գրանցվում, հողամասը չեն տալիս։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հետ բովանդակային քննարկումներ եղան, ու համաձայնության եկանք»,- նշում է Գրիգորյանը՝ շեշտելով, որ հաշվի առնելով նպատակահարմարությունը՝ իրենց գանգատից կհրաժարվեն։ Կառավարությունը հողամասը օտարելու է Լյուբով Փիլոյանին։
Լյուբով Փիլոյանն անգլերենի երկարամյա ուսուցչուհի է։ Արամի փողոցում գտնվող իր տունը նա ժառանգություն էր ստացել ծնողներից։ Քաղաքապետարանը 1 քառակուսի մետրի կադաստրային գինը 2005-ի դրությամբ գնահատել է 60.000 դրամ, ինչը նշանակում է, որ հողամասը Փիլոյանին կօտարվի մոտ 20 միլիոն դրամով։
«Սոգլասիե-Արմենիա». Աբրահամյանների ընկերությունը
Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Սոգլասիե-Արմենիա»-ի միակ մասնակիցը «Սոգլասիե» ՓԲԸ-ն է, որը գրանցված է Մոսկվայում ու պատկանում է Արա Աբրահամյանին։ «Սոգլասիե»-ն ներդրումային խոշոր ընկերություն է։ «Սոգլասիե-Արմենիա»-ում բաժնեմաս է ունեցել նաև Աբրահամյանի եղբայրը՝ Սերյոժա Աբրահամյանը, որը 2003-2007 թթ. եղել է անկուսակցական պատգամավոր, իսկ 2007-ին պատգամավոր դարձավ ՕԵԿ-ից: Արա Աբրահամյանի մյուս եղբայրները՝ Գագիկ և Արմեն Աբրահամյանները ևս, եղել են պատգամավորներ: «Սոգլասիե-Արմենիա»-ն հիմնվել է 2001-ին, զբաղվում է կապիտալ շինարարությամբ ու վերանորոգմամբ, անշարժ գույքի գործառնություններով, մեծածախ առևտրով։ Կանոնադրական կապիտալը մոտ 501 միլիոն դրամ է։