Ավագանու այս տարվա վերջին նիստն այնքան էլ համերաշխ մթնոլորտում չանցավ։ Ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավարը հենց սկզբում հայտարարեց՝ դեռ նախորդ նիստին շրջանառության մեջ էին դրել կառավարությանը հասեցագրված ուղերձ ընդունելու մասին որոշումը։ Այսօր նաև ավագանին իր դիրքորոշումը պետք է հայտնի՝ պահանջելով իշխանության հրաժարականը՝ շեշտեց Խաժակյանը։
Օրենքի մեկնաբանության շուրջ քննարկումը տևեց 40 րոպեից ավելի։ Բանավեճին քաղաքապետարանի իրավաբանը միացավ, պնդեց՝ հարցը օրակարգում ներառելու համար 1/3 ստորագրությունն է պետք։ Խաժակյանն էլ հակադարձեց՝ անդամի լիազորությունները սահմանափակել չեք կարող, օրենքը հայեցողական եք մեկնաբանում։ Վիճեցին, վիճեցին արդյունքում հարցն օրակարգում ներառելու համար քվերակության չդրվեց։
Այսօրվա նիստին ավագանին նաև փոխքաղաքապետ ընտրեց։ Տիգրան Վիրաբյանի՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով թափուր էր մնացել կրթության, մշակույթի, սպորտի ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը։ Նոր թեկնածուն «Իմ քայլից» Գայանե Մելքոմ Մելքոմյանն է։ Մասնագիտությամբ իրավաբանը եթե դառնա այս ոլորտները ղեկավարողը, Երևանին աղետ է սպասում՝ արձագանեց «Լույսից» Անի Խաչատրյանն ու կոնկրետ հարցադրում արեց՝ ինչպե՞ս եք ղեկավարելու, օրինակ, մշակույթը, ճանապարհային քարտեզ ունե՞ք։
Ընթացքում նիստը նախագահողը փոխվեց՝ քաղաքապետը եկավ։ Մասնագիտական հմտությունների մասին քննարկումն արդեն շարունակվեց Խաչատրյանի ու Մարությանի միջև։
Քաղաքական թեմաներն էլ չշրջանցվեցին։ «Բարգավաճ Հայաստանից» դիմեցին Մարությանին՝ կոչ անելով միանալ հրապարակում հավաքված ընդդիմադիրներին ու մասնակցել իրենց ձևակերպմամբ՝ հայրենիքի փրկությանը։ ԲՀԿ-ից պնդեցին՝ այսօր մեկ օրակարգ կա՝ Փաշինյանի հրաժարականը։ Դեռ առաջին հարցն էր քննարկվում, բայց ԲՀԿ-ն ու «Լույսը» նիստը բոյկոտեցին, հեռացան։
Նիստերի դահլիճից դուրս կրքերն ավելի թեժ էին։ Հրապարակ շտապող ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները «Նիկոլ, հեռացիր» վանկարկումներով իջնում էին աստիճաներով, ինչին արձագանքեց քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն ու գործը հասավ քաշքշուկի։ Կողմերին հանգստացնելու համար ոստիկանությունը միջամտեց։
Նիստը շարունակվեց արդեն առանց ընդդիմադիրների։ Օրակարգում երևանի 2021-ի զարգացման ծրագիրն էր, նաև եկող տարվա բյուջեն։ Ավագանիներին ամենաշատը հետաքրքրող հարցը տրանսպորտի մասին էր, հունվարի կեսից կշահագործվի 100 նոր ավտոբուս։ Քաղաքապետը տեղեկացրեց՝ տրանսպորտային նոր ցանցի իրագործման համար մեծ շարժակազմ է պետք, որը գնվում է մաս-մաս, ներդրվում՝ աստիճանաբար։
Մարությանի խոսքով՝ առաջին խմբաքանակը կծածկի տարեսկզբից փակվող մի շարք գծերի բացը։ 7 միլիարդ դրամ էլ նախատեսված է 8,5 մետրանոց 161 ավտոբուս գնելու համար։ Դրանց մրցույթը կհայտարարվի հունվարի վերջին։ Հարցերի քննարկումն այսօր չավարտվեց։ Նիստը ավագանին կշարունակի վաղը։