ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանը:
Մարզի Ջերմուկ համայնքում սուբվենցիոն ծրագրերով կատարվել և կատարվելու են փողոցների ասֆալտապատման, գյուղական բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման, մանկապարտեզների շենքերի մասնակի վերանորոգման ու բակերի բարեկարգման, Ջերմուկ քաղաքի ճոպանուղու շինությունների հիմնանորոգման, նորերի կառուցման, ինչպես նաև արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներ:
«Ջերմուկ քաղաքի բակային տարածքների և Հերհեր գյուղի 1-ին փողոցի ասֆալտապատում» ծրագրի ենթածրագրերի մասով կատարվել և ավարտվել են Ջերմուկի Աջափնյա և Ձախափնյա թաղամասերի ասֆալտապատման աշխատանքները, իսկ Հերհեր գյուղի 1-ին փողոցի ասֆալտապատման ենթածրագիրը կտեղափոխվի 2021 թվական:
Մինչև տարվա վերջ կավարտվեն նաև Ջերմուկ քաղաքում մինչև 300 կվտ/ժ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները: «Ջերմուկ համայնքի մանկական զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցում», «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մասնաշենքի մասնակի վերանորոգում, մանկապարտեզների բակերի բարեկարգում» ծրագրի «Մանկապարտեզների բակերի բարեկարգում» ենթածրագրով աշխատանքներն ավարտվել են, իսկ «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի մասնակի վերանորոգման և Ջերմուկի մանկական զարգացման կենտրոնի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. ծրագրի ամբողջական իրականացումը կտեղափոխվի 2021 թվական:
2021 թվական կտեղափոխվեն նաև համայնքի Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղական բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման, ինչպես նաև գործող լուսավորության ցանցում էներգախնայող լուսատուների տեղադրման աշխատանքները, ինչպես նաև Ջերմուկի ճոպանուղու շինությունների հիմնանորոգման և նորերի կառուցման աշխատանքները: