Ընդդիմությունը դեկտեմբերի 22-ը հայտարարել է իրենց պայքարի ամենավճռական օրը: Այսօր առավոտից զանգվածային բողոքի ակցիաներ էին: 17 քաղաքական ուժերը շարունակում են պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Փաստաբանների պալատը` նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, երթով գնացին Ազգային ժողով, իսկ այնուհետև այն շարունակեցին դեպի դատախազություն:
Փաստաբանները կազմել են երկու դիմում՝ ուղղված Ազգային ժողովին: Մեկը հասցեագրված է նախկին փաստաբաններին, որոնք հիմա «Իմ քայլ» խմբակցության պատգամավորներ են: Փաստաբանները նրանցից պահանջում են վայր դնել պատգամավորական մանդատը: Երկրորդ պահանջն ուղղված էր ԱԺ նախագահին: Նրանք պահանջում են, որ նախագահն ու պատգամավորներն անվստահություն հայտնեն վարչապետին և չեղարկեն ռազմական դրությունը:
Արա Զոհրաբյան (Փաստաբանների պալատի նախագահ) - Փաշինյանն ասում է, որ Հայաստանի սահմանների հետ ես գործ չունեմ, մեկ թիզ չեմ զիջում, բայց սահմանի անմիջապես հարող տարածքը, որը գյուղի մեկ հատված է, հայտնվում է այդ տարածքում: Փաշինյանը, փաստորեն, հանգիստ, առանց որևէ դիմադրության, առանց նույնիսկ ռազմագերիների պահանջի՝ հանձնում է իրենց: Դրա արդյունքում սահմանամերձ բնակավայրերը վերանալու են, և, բացի էդ՝ մենք պաշտպանության խնդիր ենք ունենալու:
Հրապարակ տանող փողոցներում երթևեկություն չկա: Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն այս անգամ ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակում է: Քաղաքի կենտրոնում վանկարկումներ են: Նրանք պատերազմի բոլոր ձախողումները կապում են Փաշինյանի հետ: Վազգեն Մանուկյանը բոլորին կոչ է անում միանալ իրենց շարժմանը, պայքարել, որ վարչապետն օր առաջ հրաժարական տա:
Վազգեն Մանուկյան (Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու) - Ես կոչ եմ անում բանակին անհապաղ հայտարարությամբ միանալ մեր ժողովրդին, ես կոչ եմ անում ոստիկանությանը անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամ կարևոր է, և դուք կարդարացնեք ձեզ դրանով:
Մանուկյանը կոչ է անում բանակին միանալ իրենց, մինչդեռ օրենքով զինված ուժերը պետք է ապահովեն Հայաստանի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Ըստ Սահմանադրության՝ զինվորականները քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն և գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո:
Ոստիկանները, որոնք շրջափակել էին կառավարության շենքը, իրենք հանրահավաքի մասնակիցների կողմից հայտնվեցին շրջափակման մեջ: Փաշինյանի հրաժարականը պահանջողները մի քանի ժամ փակ պահեցին կառավարության շենքի երկու մուտքերը:
Ընդդիմությունն առաջարկել էր նաև այսօր համազգային դասադուլ և գործադուլ անել: Կոչերն անպատասխան չէին մնացել, բայց ոչ բոլորն էին արձագանքել: Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորն ասում է՝ իրենց դասախոսներն ու ուսանողներն իրավունք ունեն քաղաքական կողմնորոշում ունենալ, բայց դա չի նշանակում, որ այն կարող է և պետք է ազդի ուսումնական գործընթացի վրա:
Արմեն Գրիգորյան (ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր) - Ինձ որևէ մեկը չի դիմել, որ ինքը քաղաքական նկատառումներից ելնելով դաս չի անելու այսօր կամ երեկ դաս չի արել և այդպես շարունակ: Ինչ վերաբերում է իրենց ազատություններին, յուրաքանչյուր ոք ինքն իրականում ազատ ա ընտրելու կամարտահայտության էն եղանակը, որը ինքը կընտրի:
Մայր բուհի մի շարք ֆակուլտետներ դեռ երեկ էին հայտարարել անհնազանդության միջոցառումներին միանալու մասին: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն ասում է՝ ակցիային միացել են՝ ցույց տալու, որ առկա խնդիրները, մտահոգություններն ու տագնապները հուզում են նաև իրենց դասախոսներին, ապագա լրագրողներին:
Նաղաշ Մարտիրոսյան (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան) - Եթե, այնուամենայնիվ, կգտնվի որևէ ուսանող, ով կասի, որ ես միանում եմ այս ակցիային և չեմ մասնակցում քննությանը, խնդիր չկա, վաղը ինքը կմասնակցի, մենք էդ հնարավորությունը կտանք ու չենք զրկի քննությունը հանձնելու հնարավորությունից:
Բուհերում լսարանները դատարկ են ոչ միայն այն պատճառով, որ համազգային դասադուլի և գործադուլի կոչեր են, այլև նրա համար, որ այս օրերին բարձրագույն ուսումնական հաստատություններում դասապրոցես գրեթե չկա, քննաշրջան է, դա էլ հիմնականում հեռավար է արվում: