Երկարատև դադարից հետո ռինգում հնգօրյա պայքարից հետո հայտնի դարձան բռնցքամարտի Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները։ Մարզիկների համար 2020-ը տհաճ անակնկալներով լի էր՝ օրացույցի բացակայություն, մարզումային դժվարություններ ու, իհարկե, առաջնությունների, մրցաշարերի հապճեպ անցկացում։
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությանը՝ ութ քաշային կարգերում, իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի բոլոր անկյուններից 60 մարզիկ, այդ թվում և Արցախից։ Հավաքականի առաջատարները հիմնականում սպասելի հաղթանակներ տոնեցին, բացի գերծանր քաշային կարգից, որտեղ անակնկալ որակվեց Գուրգեն Հովհաննիսյանի պարտությունը Դավիթ Չալոյանից։ 69 կիլոգրամ քաշային կարգում իր համար Հայաստանի առաջին չեմպիոնական մենամարտում հաղթեց Արմեն Մաշակարյանը։ 75 կիլոգրամ քաշային կարգում մրցակիցների նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արման Դարչինյանը՝ դառնալով իր քաշային կարգի Հայաստանի չեմպիոն։
Մարզիկների համար տարին առավել քան բարդ ստացվեց։ Արման Դարչինյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի թիմի կազմում այս տարվա մարտին պայքարում էր Օլիմպիական ուղեգրերի համար Լոնդոնում կիսատ մնացած վարկանշային մրցաշարում։ Վանաձորցի մարզիկն այդտեղ մեկնարկային մենամարտում մրցեց իտալացի Սալվադորե Կավալարոյի հետ ու հաղթելով մրցակցին՝ դուրս եկավ հաջորդ փուլ: Սակայն ամեն ինչ այդքան պարզ ու միանշանակ չստացվեց, ինչպես սպասվում էր ․․․
Առաջնության եզրափակիչներում Գյումրիի բռնցքամարտի դպրոցի միանգամից չորս ներկայացուցիչներ դարձան Հայաստանի չեմպիոն, այդ թվում՝ 91 կիլոգրամ քաշային Հենրիկ Սարգսյանը, 81 կիլոգրամ քաշային կարգում՝ Համբարձում Հակոբյանն ու 52 քաշային կարգում՝ Արթուր Հովհաննիսյանը։ Հայ բռնցքամարտիկների համար գրեթե ութ ամիս տևողությամբ դադարից հետո սա առաջին մրցաշարն էր, սակայն դեռ անորոշություններն ավելի շատ են։
Միջազգային օրացույց դեռևս չկա։ Ապրիլի երկրորդ կեսին սպասվում էր, որ, այդուհանդերձ, Լեհաստանում կանցկացվի աշխարհի առաջնությունը, իսկ այդ դեպքում բռնցքամարտի 2021 թվականի Հայաստանի առաջնությունը, որի հիման վրա էլ պետք է ձևավորվի հավաքականը, շատ հնարավոր է, որ տեղի ունենա դրանից անմիջապես առաջ՝ փետրվար-մարտ ամիսների ընթացքում։