Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Հայկ Ցիրունյանն ու Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել՝ իրենց լիազորությունները դադարեցնելու մասին. Երևանի ավագանու այսօրվա նիստին տեղեկացրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Համաձայն ԿԸՀ-ի արձանագրությունների՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Արսեն Կարապետյանի, Հայկ Ցիրունյանի և Մեսրոպ Պապիկյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին և Կարինե Փանոսյանին:
Փոխքաղաքապետը հայտնեց, որ Կարինե Փանոսյանը դիմում է ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին:
«Կարինե Փանոսյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գևորգ Աճեմյանին: Համաձայն Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ղեկավարի գրությունների՝ խմբակցության անդամներ Էռնեստ Ավանեսովն ու Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորություններն ու համապատասխան հանձնաժողովում աշխատանքները»,- նշեց Սարգսյանը:
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ հրաժարվել է իրենց հատկացված քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: