Իշխող խմբակցության երկու պատգամավորները Արցախում հանդիպել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ և քննարկել նախ՝ հայ գերիների վերադարձի հարցը: Շեշտում են, որ Մուրադովը երաշխավորել է՝ նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Վերադարձի մասին հստակ տվյալներ չկան: Փոխարենը՝ իրենց անվտանգության առումով վստահ չեն Արցախի սահմանապահ դարձած գյուղերի բնակիչները:
Պատգամավորն ասում է՝ Հին Շենում համեմատաբար ավելի հանգիստ է, մոտ 40 ընտանիք վերադարձել է տուն: Նազելի Բաղդասարյանը մատնանշում է Բերձորում և հարակից բնակավայրերում հայերի բնակության խնդիրը և ադրբեջանցի զինվորականների ներկայությունը:
Դեկտեմբերի 21-ին լուր տարածվեց, թե ադրբեջանցիները փակել են Բերձորի ճանապարհը և թույլ չեն տվել հայ զինծառայողների մուտքը Արցախ: Հարցնում եմ պատգամավորներին լուրի հավաստիության և պատասխանատուների մասին:
Այդպիսի խնդիրները, պատգամավորների խոսքով, կապված են հստակ սահմանազատման բացակայության հետ: Երբ այդ հարցը կարգավորվի, յուրաքանչյուրը կիմանա իր տեղակայման սահմանների մասին:
Իշխող խմբակցության պատգամավորները խոստանում են տոնական օրերին ևս մեկնել սահմանամերձ բնակավայրեր և տեղացիների հետ սեփական մաշկի վրա զգալ բոլոր դժվարությունները:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան