«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան շուրջ 4750 երեխայի համար կազմակերպում են ամանորյա միջոցառումներ:
Հիմնադրամի հրավերով և միջոցներով երեխաները կայցելեն ՀՀ տարբեր քաղաքներում գործող թատրոնների ամանորյա ներկայացումներին: Մասնակից երեխաների համար նախատեսվում են նաև նվերներ:
«Իմ քայլը» հիմնադրամը միջոցառումների համար հատկացրել է 14 մլն 890 հզր դրամ (շուրջ 28 հազար ԱՄՆ դոլար):
Ստորև հիմնադրամը ներկայացնում է միջոցառումների ժամանակացույցն ըստ մարզերի.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միջոցառումներին մասնակից երեխաների քանակը և ցուցակը հստակեցված ու կազմված է ըստ մարզպետարանների տված տվյալների:
Երևան – դեկտեմբերի 24, 28, 29 – 8 ներկայացում 2300 երեխայի համար
Գեղարքունիք – դեկտեմբերի 22, 23, 24 – 6 ներկայացում 900 երեխայի համար
Սյունիք – դեկտեմբերի 26 – 3, ներկայացում 600 երեխայի համար
Շիրակ – դեկտեմբերի 23, 26 – 3 ներկայացում 510 երեխայի համար
Լոռի – դեկտեմբերի 29 – 3 ներկայացում 440 երեխայի համար
Նշենք նաև, որ Շիրակի մարզի ներկայացումները հովանավորել է UNFPA Armenia-ն՝ տեղեկացնում են հիմնադրամից: