Հոսանքի սակագինը վերանայելու երկու պատճառ կա: Դրանցից անսպասելին պատերազմի հետևանքն է. Արցախի մոտ երեք տասնյակ ՀԷԿ-եր այլևս չկան և չեն կարող Էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին: Մինչդեռ այդ ԿՎՏ-ներով հնարավոր էր մասամբ գոնե զսպել թանկացումը: Ավելի վաղ կատարած հաշվարկներն են ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:
Աշոտ ՈՒլիխանյան, ՀՀ ՀԾԿՀ-ի սակագնային քաղաքականության վարչության պետ - Կանխատեսվում էր, որ 2021-ին Արցախից հնարավոր կլինի ներկրել 330 մլն ԿՎՏ/ ժամ էլեկտրաէներգիա: Պատերազմի պատճառով այլևս այդ քանակի հնարավոր չէ:
Եթե լիներ Արցախի հոսանքը՝ ատոմակայանի 141 օրով կանգնելու փուլում չարտադրած 560 մլն ԿՎտ/ ժամ էլեկտրաէներգիայի մի մասը դրանով կլրացնեին: Հոսանքի դեֆիցիտը ծածկելու համար հիմա, ըստ Աշոտ Ուլիխանյանի, Մեծամորի ԱԷԿ-ից համակարգ մտնող ամենաէժան էներգիան ստիպված փոխարինելու են ամենաթանկով:
Արդյունքում՝ երկրում հոսանքի սակագինը պետք էր բարձրացնել 2.27 դրամով: Բայց, սպառողների սոցիալական խնդիրը հաշվի առնելով, Հանրային ծառայությունների հանձնաժողովն այնպիսի նախագիծ է մշակել, որ նոր սակագինը բնակչության 90 տոկոսին չի վերաբերվի, կոմունալ վճարը չի ավելացնի:
Աշոտ ՈՒլիխանյան, ՀՀ ՀԾԿՀ-ի սակագնային քաղաքականության վարչության պետ - Թանկացում, ամեն դեպքում, լինելու էր, եթե բոլորի համար լիներ՝ 2.27 դրամով: Քննարկումների արդյուքնում նպատակահարմար համարվեց 2.27 դրամի փոխարեն, բացառությամբ ամիսը մինչև 400 ԿՎՏ/ժամ սպառում ունեցողների, սակագինը բարձրացնել 3 դրամով, մյուսներինը թողնել նույնը:
Արդյունքում՝ ամիսը 400 ԿՎՏ/ժամից քիչ հոսանք օգտագործողների սակագինը փետրվարից հետո էլ կմնա նույնը: Էլեկտրաէներգիան 3 դրամով կթանկանա միայն՝ մեծ սպառում ունեցող բնակչության 10 տոկոսի համար: Ֆինանսական հավելյալ բեռից չի խուսափի նաև բիզնեսը: