Աիդա Հարությունյան (Ստեփանակերտի բնակիչ) - Ա՛յ այսպես ջուրը լցվել է: Փրփուրով փակել ենք անցքերը, բայց օգուտ չի տալիս:
Աիդա տատը Ստեփանակերտից հեռացել է միայն նոյեմբերի 4-ին, այն էլ՝ հարազատների խնդրանքով: Ընդամենը 6 օր անց վերադարձել ու հարևանների տունը տեսել է կիսավեր վիճակում, նաև իրենց տանիքն ու թոռների մեքենաներն էին վնասվել:
Աիդա Հարությունյան - Մի քիչ դուռն է վնասվել, բայց ոչինչ: Նայեք՝ նաև պատերին է դիպչել, մի երկու ցեմենտով դրանք կնորոգենք, իսկ ահա տանիքը չեմ կարող:
Եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ Ստեփանակերտի Առուշանովի փողոցը նույնպես հայտնվել էր հակառակորդի թիրախում: Մերուժան Գրիգորյանն անգիր գիտի՝ թե որ տունն ինչ վնաս է կրել:
Մերուժան Գրիգորյան (Ստեփանակերտի բնակիչ) - Վնասվել են 33-ը, 35-ը, 37-ը: Տանիքները բեկորներից են վնասվել:
Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում 3 հազարից ավելի տուն է վնասվել: Ավերածությունները վերականգնելու համար քաղաքաշինության նախարարությունը դիմումներ է ստանում:
Ազատ Համբարձումյան (Արցախի քաղաքաշինության նախարարի տեղակալ) - Ըստ ցուցակի՝ շինարարական կազմակերպությունները մտնում են և աշխատում՝ պահպանելով ցուցակի հերթականությունը:
Առաջնահերթ կառուցում են տանիքները, տեղադրում դռներ ու պատուհաններ, երկրորդ փուլով նախատեսում են ներքին հարդարման աշխատանքներ: Սեփական ուժերով տները նորոգել ցանկացողներին Արցախի կառավարությունը շինանյութ է տրամադրում:
Ազատ Համբարձումյան - Պատճառը, որ չենք կարողանում բոլոր բնակիչների տները միանգամից նորոգել, շինարարական կազմակերպությունների պակասն է: Դրա համար, եթե բնակիչը կարող է վերանորոգել, առաջնահերթ տալիս ենք շինանյութը, ինքը վերանորոգում է:
Այս պահին Արցախում նորոգվում է 244 բնակելի՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Աշխատանքներն իրականացնում է 64 կազմակերպություն, այդ թվում նաև՝ հայաստանյան ընկերություններ:
Արամ Գևորգյան (աշխղեկ) - Դժվարությունն այն է, որ մարդիկ տեղ չունեն ապրելու: Իրենք տանն ապրելով՝ մենք տան վերանորոգման աշխատանքներ ենք կատարում, ու այս պահին, ինչպես տեսնում եք, եղանակային պայմաններն այնպիսինը չեն, որ կարողանանք ավելի հանգիստ, ավելի լավ աշխատել:
Արցախում վերականգնողական աշխատանքների ֆինանսավորմանը միացել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: