Կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով Մեծ Բրիտանիան հայտնվել է մեկուսացման մեջ: 20-ից ավելի երկիր, այս թվում՝ Եվրամիության գրեթե բոլոր պետությունները, Ռուսաստանը, Կանադան, լատինամերիկյան երկրներից՝ Կոլումբիան, Արգենտինան, Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից՝ Իսրայելը, Թուրքիան, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն հայտարարել են Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու մասին` կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով, որը, ըստ բրիտանական իշխանությունների, 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան արդեն հայտնի տեսակը:
Իրավիճակը մտահոգիչ է համարել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը.
Մեթ Հենկոք (ՄԲ առողջապահության նախարար) - Այսօր ավելի քան կարևոր է, որ մարդիկ պատասխանատվություն ցուցաբերեն և ոչ միայն հետևեն կանոններին, այլև սահմանափակեն սոցիալական շփումները, քանի որ իրավիճակը շատ լուրջ է:
Կարանտինն ընդգրկում է 20 միլիոն մարդ, չեղյալ է հայտարարվել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ խստացումների հնգօրյա թուլացումը: Երկրի բնակչության առնվազն մեկ երրորդին այժմ արգելված է արձակուրդն անցկացնել այն մարդկանց շրջապատում, որոնց հետ չեն ապրում նույն հարկի տակ:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարն էլ չի բացառել, որ կորոնավիրուսի նոր տեսակն արդեն դուրս է եկել իր երկրի սահմաններից և հաստատվել է շատ պետություններում: Ըստ որոշ տեղեկությունների՝ կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել նաև Նիդեռլանդներում, Դանիայում, Իտալիայում և Ավստրալիայում:
Բրիտանացի փորձագետներն էլ հայտարարում են, որ դեռ չեն գտել ապացույցներ, որոնք հաստատում են կորոնավիրուսի նոր տեսակի դեպքում մահացության մեծ թվի հավանականությունը: Անցած յոթ օրվա ընթացքում երկրում հայտնաբերված վարակի դեպքերի քանակը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 40 տոկոսով:
Իսպանիայի կառավարությունը կոչ է արել Եվրամիությանը մշակել համակարգված մոտեցում: