Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին:
Հարգելով յուրաքանչյուրի քաղաքական հայացքները և դիրքորոշումը՝ որպես ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող կառույց, նախարարությունը կոչ է անում պատշաճ կատարել մասնագիտական պարտականությունները, որոնք միտված են մեր ժողովրդի առողջության պահպանմանը:
Տարին առողջապահության համակարգի համար եղել և շարունակում է մնալ ծանր: Բժշկական հանրությունը պատվով կատարել է իր առաքելությունը, ինչի համար կրկին շնորհակալ ենք, նշված է նախարարության հաղորդագրությունում: Այդուհանդերձ, պետք չէ թուլացնել զգոնությունը և ցանկացած պարագայում հավատարիմ մնալ բժշկի կոչմանը:
Նման պարտադրանքներ լինելու դեպքում նախարարությունը խորհուրդ է տալիս դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով: